Նոր լաբորատոր սենյակի միջոցով հայ գիտնականներրը ԱՄՆ գիտնականների հետ խոշոր նախագծի կմասնակցեն
11:58 - 21 հուլիսի, 2021

Նոր լաբորատոր սենյակի միջոցով հայ գիտնականներրը ԱՄՆ գիտնականների հետ խոշոր նախագծի կմասնակցեն

Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ) ընդլայնում է համագործակցությունը միջազգային լաբորատորիաների հետ։

«PIERIS» ֆոնդի աջակցությամբ այստեղ նոր լաբորատոր սենյակ է հիմնվել, որի միջոցով հայ գիտնականները Նյու Յորքի Բրուկհեվնի ինստիտուտի հետ համատեղ կաշխատեն էլեկտրոն-իոնային կոլայդերի կառուցման վրա․ այն մի քանի միլիարդ դոլարանոց նախագիծ է։  «Էլեկտրոն-իոնային կոլլայդերը նոր սերնդի արագացուցչի տեսակ է։ Դրա միջոցով մի կողմից արագացնում են էլեկտրոն, մյուս կողմից՝ պրոտոն, բախում են իրար ու ուսումնասիրում են տարբեր կինեմատիկ երկրաչափական դրվածքներում, տարբեր էներգիաներում, այսինքն՝ ուսումնասիրում են մասնիկը տարբեր ֆիզիկական երևույթների պայմաններում։ Հիմնական գործը տիեզերքի ու մասնիկների ուսումնասիրությունն է, իսկ դրա համար օգտագործում ենք արագացուցիչները։ Կա տեսական ֆիզիկան, որ իր հաշվարկներով ու կանխագուշակումներով մեզ ուղղություն է տալիս, իսկ մենք՝ փորձարակական ֆիզիկայով զբաղվողներս, բուն երևույթն ենք ուսումնասիրում։  Դրա արդյունքում աշխարհում տարբեր հայտնագործություններ են կատարվել, ինչպիսին են ատոմային էներգիան, ջրածնային ռումբը։ Ամենը, ինչ մեր շուրջ կա, ֆիզիկան է, այն գալիս է էլեմենտար սկզբունքներից»,-պատմում է նորաբաց լաբորատոր սենյակի հիմնադիր, Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արթուր Մկրտչյանը։

Նոր լաբորատոր սենյակը

Նա ասում է, որ լաբորատորիայի գիտնականները նախկինում նույնպես ներգրավված են եղել միջազգային կոլաբորացիաներում, բայց որպես աշխատուժ։ «Հիմա իրավիճակը փոխվում է։ Կան ֆոնդեր (օրինակ` ամերիկյան «PIERIS» ֆոնդը, որը, ի թիվս այլ ոլորտների, ներդրումներ է անում նաև գիտության մեջ), որոնք ներդրումներ են անում գիտության զարգացման համար։ Սենյակի միջոցով մենք ոչ միայն կգնանք Ամերիկայում աշխատելու, այլ այդ գործերը կբերենք այստեղ ու այստեղ կանենք այդ աշխատանքները։ Տվյալ պահին վերանորոգել ենք սենյակը ու դեռ նոր ենք կահավորում, մեր հիմնական սարքերը դեռ չեն եկել։ Այս սենյակում նախատեսվում է պատրաստել էլեկտրոն-իոնային կոլլայդերի հաշվիչներից մեկի՝ կալորիմետրի նախատիպը»,- ասում է նա՝ հավելելով, որ ծրագիրը հնարավորություն կտա աշխատելու նաև սփյուռքահայ գիտնականների հետ։

Արթուր Մկրտչյանը պատմում է նաև, որ Ամերիկայի գիտական կենտրոնների հետ իրենց համագործակցությունը դեռ 90-ականներից է սկսել․ «Մենք համարվում ենք կալորիմետրերի, աերոգել դետեկտորների, որոշ հաշվիչների էքսպերտներ, ու իրենք, մեզ ճանաչելով, համագործակցում են մեզ հետ»։

Ավագ գիտաշխատողի խոսքով՝ լաբորատոր սենյակը հետագայում այլ գիտական նպատակների համար կօգտագործվի․ «Փորձարարական բաժանմունքի ցանկացած գիտաշխատող նախագծի, ուսումնասիրության մի մաս հնարավորություն կունենա անելու այստեղ։ Հույս ունենք, որ կոգեշնչենք նաև ուսանողներին, և նոր լաբորատորիան նաև նրանց համար օգտակար կլինի»։

Արթուր Մկրտչյանն ասում է նաև, որ գիտության կիրառական ու պրոդուկտիվ մասը մի ճյուղ է, որը հիմնարար ու ակադեմիկ գիտության հետ ուղիղ կապ չունի․ «Գիտնականի նպատակը ակադեմիկ գիտելիքն է, բայց այդ գիտելիքը շատ հեշտ կիրառելի է հատկապես մեր երկրի նման փոքր երկրում։ Օրինակ, եթե ռազմարդյունաբերության ճյուղը դիտարկենք, ունենք շատ խելացի ինժեներներ, բայց գիտնական-ինեժեներ կապը միշտ պետք է լինի։Մեկը պետք է հիմնարար զարգացման ոլորտում, մյուսը՝ կիրառական ու ստեղծարար։ Հետագայում նպատակ ունենք այս սենյակը օգտագործել որոշ կիրառական ուղղությունների զարգացման համար։ Մի լաբորատոր սենյակով դա չի արվի, բայց մի լաբորատոր սենյակով հիմանարար գիտության մեջ բավարար մեծ ներդրում կարելի է անել»։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել