Մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ
16:39 - 11 ապրիլի, 2019

Մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ապրիլի 11-ին փոխվարչապետի այցը մեկնարկել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի, այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ հանդիպումներով:

Հանդիպումների ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է վերջերս հաստատված «Երկրի գործընկերության շրջանակ 2019-2023» ռազմավարական փաստաթղթի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: Զրուցակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթից բխող հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Այդ համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումների հիմնական շրջանակը: Փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության շարունակականությունը հատկապես՝ կապիտալի շուկայի զարգացման, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում:

Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի պաշտոնյաները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և մտքեր փոխանակել դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Գեորգինա Բեյքերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վիբկե Շլոմերը և տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՄՖԿ-ի կողմից Հայաստանում մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ն աջակցություն կցուցաբերի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում՝ վստահեցնելով, որ դա կնպաստի երկրում առավել թափանցիկ և գրավիչ բիզնես միջավայրի ստեղծմանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել