ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է «ԶԼՄ մասին» օրենքին․ ԱԺ-ում նախաձեռնվել է քննարկում՝ լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ
13:18 - 30 օգոստոսի, 2021

ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է «ԶԼՄ մասին» օրենքին․ ԱԺ-ում նախաձեռնվել է քննարկում՝ լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովում նախաձեռնվել է քննարկում՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ։ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկման սկզբում արձանագրեց, որ այդ միջոցառման նպատակը լրագրողական հանրույթի լսելի լինելու հրամայականն է, որը, պատգամավորի համոզմամբ, խախտել է ԱԺ ղեկավարությունը՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի վերաբերյալ առանց վերջիններիս հետ քննարկումների որոշումներ կայացնելով։

Թագուհի Թովմասյանն ընթերցեց «ԶԼՄ մասին» օրենքի 6-րդ հոդվածը, որում նշված է, որ հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի։ Պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է այս օրենքի 6-րդ հոդվածի երրորդ կետին, այսինքն՝ իրավական առումով խնդիր կա։

Նա նաեւ հիշեցրեց, որ այդ որոշման համար կայցած ԱԺ խորհրդի նիստը դռնփակ է եղել, սակայն պետք է լիներ հրապարակային, ուստի նա կարծիք հայտնեց, որ լրագրողական հանրությունը այս երկու հանգամանքների վերաբերյալ իրավական գործընթաց պետք է նախաձեռնի։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, որը մասնակցում է քննարկմանը, արձանագրեց, որ այն իրադարձությունները, որոնց ականատեսը եղանք լրագրողների գործունեության վերաբերյալ որոշման ընդունումից, ապա ԱԺ նիստերի ժամանակ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունից, անընդունելի են․ «Նման բան Հայաստանում չպետք է լինի, նման բան չի կարող լինել ոչ միայն ժողովրդավարական, այլ նաեւ կիսաժողովրդավարական երկրում, եւ ես վստահ չեմ, որ կարող է նույնիսկ ոչ ժողովրդավար երկրում լինել»,- հայտարարեց Իոաննիսյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումներին, նա նշեց, որ այդ որոշումը որոշակիորեն հակասում է Սահմանադրության 51-րդ եւ 42-րդ հոդվածներին, որոնք սահմանում են տեղեկատվություն փնտրելու, ստանալու եւ մամուլի ազատությունը․ «Մայր օրենքի այդ նորմերը հստակ ամրագրում են, որ այդ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով եւ սպառիչ թվարկված նպատակների համար։ Արձանագրենք, որ սահմանափակումը տրված չէ օրենքով, հետեւապես այն իրավաչափ չէ։ Ամենաուշը վաղը մենք հայցադիմում ենք մուտքագրելու Վարչական դատարան, որով վիճարկելու ենք սահմանափակումների առնվազն մի մասը, որոնք վերաբերում են անվտանգության աշխատակիցներին նկարահանելու, տեսանկարահանելու արգելքինն, որը որեւիցե կերպ չի տեղավորվում սահմանադրականության ու տրամաբանության մեջ»,- ասաց Իոաննիսյանը։

Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնությունների չորս դրվագներին՝ օգոստոսի 11-ին, երբ լրագրողներին ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից, օգոստոսի 24-ն, երբ լրագրողներին դարձյալ հեռացրին օթյակից, ապա, ինչպես նշեց Իոաննիսյանը,  երբ Վահե Ղալումյանը լրագրողների նկատմամբ բռնություն գործադրեց, եւ 25-ին նորից օթյակից լրագրողներին բռնությամբ հեռացման դեպքերին՝ հանրային գործիչը նշեց, որ դրանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ՀՀ դատախազություն։

«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ իր հերթին շեշտեց, որ լրագրողների եւ ԶԼՄ-ների գործուենության որեւէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ, անհրաժեշտ, բավարար պայմանների ապահովմամբ․ «Որեւէ սահմանափակում չի կարող լինել կամայական, անգամ եթե դրանք սահմանվում են օրենքներով, նորմատիվ ակտերով ու ընթացակարգերով, հակառակ դեպքում այդ սահմանափակումները որակվել եւ որակվելու են որպես բռնություն՝ խոսքի եւ արտահայտման ազատության դեմ»։ Բարսեղյանը մեջբերեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ռեպլիկը, թե՝ «չեմ կարծում, որ ծեծկռտուք լուսաբանելը լրագրողների գործն է», եւ շարունակեց, որ բռնապետական ռեժիմները հիմնականում ինչ-որ հատուկ ազդարարմամբ չեն ներդրվում․ «Ես լսել եմ որոշ պատգամավորների, որ իրենք համաձայն չեն Վարդանյանի այս մտքին, բայց բոլորդ հասկանում եք, որ բացի պատգամավոր լինելուց՝ նա կարեւոր հանձնաժողովի նախագահ եւ խմբակցությունում էական դերակատարում ունեցող մարդ է։ Կասկածում եմ, թե նա երբեւէ կհասկանա՝ որքան վտանգավոր եւ չարամիտ արտահայտություն է իր խոսքը, հույս ունեմ՝ խմբակցությունն իրեն կարգի կհրավիրի եւ կարգելի նման անհեթեթություններ խոսել, որոշել լրագրողների եւ լրատվականների անելիքները»,- ասաց Բարսեղյանը՝ շեշտելով, որ դա կոնցլագերական մոտեցում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել