Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել. նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ |hetq.am|
13:47 - 10 հոկտեմբերի, 2021

Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել. նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ |hetq.am|

hetq.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Մի քանի օր առաջ, կոռուպցիայի մեղադրանքով, Ավստրիայի դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն էր սկսել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ 

Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։ 

Շաբաթ՝ հոկտեմբերի 9-ին, Սեբաստիան Կուրցը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից, որպեսզի կանխի քաղաքական ճգնաժամն ու քաոսը։ 

«Մեզ կայունություն է պետք»,- հայտարարել է 35-ամյա Սեբաստիան Կուրցը՝ հավելելով, որ անպատասխանատու կլինի թույլ տալ, որ Ավստրիան այսօր հայտնվի քաղաքական ճգնաժամի մեջ, քանի դեռ երկիրը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ 

Սեբաստիան Կուրցն առաջարկել է կանցլերի պաշտոնում նշանակել արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին։ Միևնույն ժամանակ նա կմնա կուսակցության առաջնորդի պաշտոնում և կդառնա խորհրդարանում իր խմբակցության առաջնորդը։ «Կանաչները» դեռևս չեն պատասխանել, թե արդյոք համաձայն են կանցլերի պաշտոնում տեսնել Շալենբերգին։ 

Ընդ որում, Կուրցը հերքում է դատախազության կողմից իրեն վերագրվող մեղադրանքը, իսկ լրագրողներին կաշառելու լուրը կեղծ անվանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել