Գեղարքունիքի մարզում առաջիկա ՏԻՄ ընտրություններում գրանցվել է 7 կուսակցությունների դաշինք, 6 կուսակցություն |armenpress.am|
21:57 - 08 նոյեմբերի, 2021

Գեղարքունիքի մարզում առաջիկա ՏԻՄ ընտրություններում գրանցվել է 7 կուսակցությունների դաշինք, 6 կուսակցություն |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ եւ Սեւան խոշորացված համայնքներում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քվեարկվելու համար տարածքային ընտրական հանձնաժողովներում գրանցվել են  6 կուսակցություն եւ 7 կուսակցությունների դաշինք։

Գավառ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մեր համայնքը» եւ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը,  «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի ցուցակը ՝  Գավառի գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Մեր համայնքը» դաշինքի ցուցակը՝ ՀՅԴ անդամ, «Արեւշատ հատուկ կարիքավոր երեխաների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Լավրիկ Արեւշատյանը ։

Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Սեւան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են  «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։  «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Սեւանի գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ցուցակը՝ ՀՅԴ անդամ Արտակ Վարդանյանը,  «Հանրապետություն» կուսակցության ցուցակը՝ նույն կուսակցության անդամ Աշոտ Նադարյանը։  

Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Մարտունի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» «Հայաստանի Կոմունիստական» «Լուսավոր Հայաստան» «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Ալաշկերտ» եւ «Արդար Հայաստան» կուսակցությունների դաշինքները։  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, «Հայաստանի Կոմունիստական»  կուսակցության ցուցակը՝ ՀԿԿ անդամ Ռադիկ Հարությունյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Նաղաշ Հակոբյանը,  «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ նույն կուսակցության անդամ Արամ Մանուկյանը, «Ալաշկերտ» դաշինքի ցուցակը՝ Սեդրակ Սահակյանը, «Արդար Հայաստան» դաշինքի ցուցակը՝ Արարատ Խաչատրյանը։

Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները։ Վարդենիսում ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արամ Մելքոնյանը,    «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել