Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը
11:25 - 24 նոյեմբերի, 2021

Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է հիշյալ դատական ակտը: Հաշվի առնելով, որ այդ հիմքով և այդպիսի որոշման կայացումն անհիմն է, դրա դեմ կներկայացվի բողոք ՀՀ վերաքննիչ դատարան:

Ընդ որում, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմնավորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:  Վերաքննիչ բողոքը ներկայումս նախապատրաստման փուլում է»,- գրել է Աբրահամյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ Հրանտ Դավթյանը, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Արսեն Դավթյանը ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ և շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տվյալները:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ անջատված մասով, գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2021թ ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել