ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել: Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
««Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ առկա չեն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ»,-ասված է ԱԱԾ-ի տրամադրած պատասխանում:
ԱԱԾ-ն նաև հավելել է, որ տարբեր տեսակի հաքերային հարձակումների կանխարգելման համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր հանրության շրջանում մեդիագրագիտության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ:
Նոյեմբերի 24-ին քաղաքական մի քանի գործիչներ հայտարարեցին, որ «Apple»-ից ստացել են նամակ այն մասին, որ իրենց հեռախոսը, հավանական է, ենթարկվելէ հաքերային հարձակման: Տեղեկատվական անվտանգության մասնագետներն ահազանգեցին, որ հարձակումը, հնարավոր է, կատարված լինի իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով։
Իրենց հեռախոսների վրա հնարավոր հաքերային հարձակման վերաբերյալ նամակներ ստանալու մասին հայտնել էին ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը և այլք։
comment.count (0)