armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմությունը պնդում է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի վերաառաջադրման՝ օրենքով նախատեսված պահանջ չկա, Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները նոյեմբերի 30-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, մանրամասն գնահատական տվել ստեղծված իրավիճակին: «Արձանագրվել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընդդիմությունը միասնական է: Եվ ոչ օրենքով, ոչ Սահմանադրությամբ որևէ ձևով պարտադրանք չկա, որ խմբակցությունը անընդհատ պետք վերաառաջադրի: Ավելին՝ այդ հայտարարության մեջ արձանագրել ենք, որ վերաառաջադրման՝ օրենքով նախատեսված պահանջը չկա, հետևաբար այս թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության քարտուղարն այդ նույն հայտարարությունն Անդրանիկ Քոչարյանին նաև գրավոր է ուղարկել: Քոչարյանն էլ գրավոր կերպով տեղեկացրել է, որ թեկնածուն պետք է առաջադրվի: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ կանոնակարգը չի պահանջում նման բան: Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ընդդիմության կողմից չկա առաջադրված թեկնածու, ըստ Մինասյանի՝ չի համապատասխանում օրենքին:
«Թափուր պաշտոն առաջանալու դեպքում 5 օր հետո պետք է անցկացվի ընտրություն: Այս պաշտոնն ի սկզբանե թափուր է եղել, առաջադրումը եղել է օրենքի շրջանակում, և այդ առաջադրումը չի փոխվել: Ընդդիմությունը հայտարարությամբ վերահաստատել է, որ վերաառաջադրման անհրաժեշտություն չկա, նույն թեկնածուն է»,- ասաց Մինասյանը:
Նա Անդրանիկ Քոչարյանին առաջարկեց մասնագիտական լուրջ թիմ հավաքել և վերլուծել օրենքի դրույթները: Ըստ ընդդիմության՝ իշխանությունը ցանկանում է վերցնել այդ պաշտոնը: «Չեն դիտարկում օրենքի որևէ դրույթ, ապա իրավական դաշտում համարժեք գնահատական կստանան: Սրանից հետո իրենք ինչ անեն, կդիտվի անօրինական գործողություն՝ բացառությամբ մեկ գործողության, որ նորից քվեարկության դնեն Արթուր Ղազինյանի թեկնածությունը»,- ասաց Մինասյանը:
comment.count (0)