Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան
13:40 - 16 դեկտեմբերի, 2021

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը միացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Թե ինչու է միացել, ավագանու անդամը պարզաբանումներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։

«Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել:

Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների (ավագանու անդամների- խմբ․) հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին»,- գրել է նա։

Ավագանու անդամը հավանաբար նկատի ունի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայք՝ armtimes.com-ի, հրապարակած «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդվածում նշված տեղեկությանը, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Անի Խաչատրյանը հավելել է․ «Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: Երևանի քաղաքապետ պետք է լինի «Լույս», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող:

Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր։

Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։

Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել