Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար
18:22 - 18 դեկտեմբերի, 2021

Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Այս տարվա փետրվարի 12-ին Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստով, ի թիվս այլնի, քննարկում էր նաեւ «Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով նախատեսվում էր գումար հատկացնել նոր ավտուբուսների գնման համար։

Ի սկզբանե Երեւան քաղաքի 2021թ․ բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն այն փաստացի կազմել էր 23,633,410.1 հազ. դրամ: Եւ հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները՝ հիշյալ որոշման նախագծով նախատեսվել էր այդ գումարը բաշխել մի քանի ուղղություններով, որոնց թվում՝ ավտոբուսների գնմանը։

Ի վերջո, որոշման նախագծով առաջարկվել էր 11,988,460.0 հազ. դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին։  Այդ գումարից 1,000,000.0 հազ. դրամը պետք է օգտագործվեր 2021 թվականի նշված ծրագրով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման համար, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երեւան համայնքի բյուջեի շրջանակներում թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռքբերման համար:

Սակայն այս հարցի քննարկումն ու ընդունումն այնքան էլ հարթ չեն անցել։

Այսօր Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանն ու Իզաբելլա Աբգարյանը, օրերս մանդատը վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ արեցին՝ նշելով, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս հարցի քննարկումը տապալելու մտադրություն են ունեցել՝ նիստին չներկայանալու եւ քվորում չապահովելու միջոցով։

Որոշումն, այդուհանդերձ, ընդունվել է, Գեւորգյանի, Աբգարյանի ու Երիցյանի վստահեցմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ու որոշ ավագանիների մեծ ջանքերի շնորհիվ, իսկ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության համաձայն՝ իրենց քաղաքական որոշման արդյունքում։ Սակայն խմբակցության այդ վստահեցումն այնքան էլ միանշանակ չէ։

Այսպես, Երեւանի ավագանու արտահերթ այդ նիստին սկզբում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, որ նիստին մասնակցում է ավագանու 35 անդամ։ Օրակարգը ներկայացնելուց հետո, մինչ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը կներկայացներ վերը հիշատակված որոշումը, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ճշտող հարց է հնչեցնում՝ «ավագանու քանի՞ անդամ է գրանցվել»։ Մարությանի պատասխանից հետո՝ գրանցվել է 35 անդամ, Խաչատրյանը շեշտում է՝ «այսինքն՝ առանց ընդդիմության քվորում չկա, շնորհակալություն․․․ Եւ նաեւ առանց 3 անկախ ավագանիների»։

Խաչատրյանի հարցից հետո փոխքաղաքապետը ներկայացնում է քննարկվող հարցի բովանդակությունը՝ այդ թվում ավտոբուսների համար գումար հատկացնելու մասին։ Քննարկումից հետո կազմակերպվում է քվեարկությունը, որի համար գրանցվում է ավագանու 34 անդամ։ Քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվում է ձայների 32 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։ 

Անի Խաչատրյանը չի մասնակցում քվեարկությանը։ 

Որոշմանը կողմ են քվեարկում «Իմ քայլը» խմբակցությունից Անահիտ Ասատրյանը, Աննա Ջավախյանը, Անուշ Քլոյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Անտոնյանը, Արմեն Գալջյանը, Արմեն Սարգսյանը, Գայանե Վարդանյանը, Գրիգոր Երիցյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդուարդ Ավետիսյանը, Լեւոն Զաքարյանը, Լիլիթ Պիպոյանը, Լուսինե Գեւորգյանը, Հայկ Մարությանը, Հասմիկ Խաչունցը, Հրաչյա Սարգսյանը, Մարատ Թոխյանը, Պավել Մազմանյանը, Պավել Սարգսյանը, Ռաֆայել Ավետիսյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Սերգեյ Ապրեսյանը,Սերգեյ Սարգսյանը, Սիփան Ասատրյանը, Սուրեն Էյրամջյանը, Վահե Գեւորգյանը, Օվսաննա Հովսեփյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, ավագանու անկախ անդամներ Էռնեստ Ավանեսովը, Իզաբելլա Աբգարյանը։

Ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարության ձեռնպահ են քվեարկում։

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Ավագանին կազմված է 65 անդամից․ կեսից ավելին առնվազն 33-ն է։

Ուստի, թեեւ «Իմ քայլը» խմբակցությունն ապահովել է որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը, քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել