Մխոյանի պնդմամբ՝ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ
11:56 - 08 փետրվարի, 2022

Մխոյանի պնդմամբ՝ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ

Երեւանի ավագանին մտադիր է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանին զրկել մանդատից՝ ավագանու նիստերին նրա բացակայությունների հիմնավորմամբ։ 

Մասնավորապես, ավագանու այսօրվա նիստում քննարկվում է Մխոյանի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը, որում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։

Նման որոշման իրական պատճառը, սակայն, ըստ Լուսինե Մխոյանի, իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, բացի դրանից՝ կարծում է՝ մեկ այլ պատճառ է նաեւ քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումների տարբերությունը։

Մխոյանը չի հերքում, որ ունի բացակայություններ, բայց ասում է՝ դրանք պայմանավորված են եղել իր երեխայի ծննդի, հետագայում իր վատառողջ լինելու հանգամանքով, այսինքն՝ դրանք, ըստ էության, հարգելի բացակայություններ են եղել․ «Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բալիկս վատառողջ է եղել, ինչի մասին խմբակցութան ղեկավարին տեղյակ եմ պահել՝ նշելով, որ ոչ ոքի մոտ չեմ կարող թողնել եւ ստիպված եմ բացակայել»։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ կան նաեւ տեղեկանքները, որոնք փաստում են, որ բացակայությունները հիվանդության պատճառով են եղել, սակայն իրենից այդ տեղեկանքները նույնիսկ չեն էլ ուզել։ 

Միեւնույն ժամանակ, Մխոյանը մեր զրույցում ընդգծում է, որ ինքը մասնակցել է հանձնաժողովի նիստերին, քանի որ հենց հանձնաժողովի նիստերի ընթացքում են նախագծերի վերաբերյալ քննարկումներն իրականացվում։

«Այո, բացակայություններ եղել են, քանի որ մանդատս վերցնելը համընկավ բալիկիս ծննդի հետ։ Այս ընթացքի բացակայությունների պատճառը նաեւ իմ ու երեխայի հիվանդություններն էին։ Սակայն բացակայությունները սկսեցին շահարկել, երբ քաղաքապետին անվստահություն հայտնելու համար ստորագրություն էին հավաքում»,- մեր զրույցում պատմեց ավագանու անդամը՝ նշելով, որ իրեն հորդորել են կամ ստորագրել անվստահություն հայտնելու նախագծի տակ, կամ վայր դնել մանդատը, այլապես բացակայությունների հիմքով կդադարեցնեն լիազորությունները։

«Ես ընթացքում ուզում էի դուրս գալ ավագանու կազմից, քանի որ բալիկիս հետ չէի հասցնում շատ ակտիվ լինել։ Ավագանու գործընկերներս համոզում էին, որ մնամ, քանի որ միակ ճարտարապետն եմ, Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում բացի ինձանից երեւի մեկն է մնացել ով գոնե մոտ մասնագիտություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է։

Infocom-ի հետ զրույցում Լուսինե Մխոյանն ասաց, որ անցած շաբաթ առաջարկի տեսքով հերթական սպառնալիքն է ստացել խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից, թե՝ այլեւս անհնարին են համարում իր՝ ավագանու կազմում լինելը․ «Պարզաբանեցին, թե ես քաղաքական քայլեր եմ արել՝ բարձրաձայնելով ինձ ուղված սպառնալիքի մասին, եւ հիմա առաջարկում են մանդատը դնել կամ նախագիծ կբերեն եւ բացակաների հիմքով կհանեն, ինչն էլ անելու են այսօր»,- ասաց Մխոյանը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանում եւ ավագանու կազմում իր գործունեությանը՝ Մխոյանը մեկնաբանեց, որ 2020թ․-ի դեկտեմբերին ինքը քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանից համագործակցելու հրավեր է ստացել՝ որպես ավագանու անդամ եւ ճարտարապետ, ով տասը տարուց ավել աշխատել է ՛՛Երեւանի 2005թ Գլխավոր Հատակագծի՛՛ համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի հետ, եւ անդամակցել է ճարտարապետներից եւ ուրբանիստներից կազմված խմբին, ակտիվ մասնակցել քննարկումներին եւ հնարավորինս աջակցել ռեֆորմների գործընթացին։

Ի հավելումն՝ մեր զրուցակիցը նշեց, որ կամավորական հիմքերով աշխատող խմբում էին այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Տիգրան Պողոսյանը, Հայկ Մելիքյանը, Գառնիկ Ստեփանյանը, Մերուժան Մինասյանը, Արմեն Շատվորյանը, Հայկ Նիկոյանը, Զոհրաբ Զուրաբյանը, Մարիաննա Կարապետյան, Գեւորգ Եղիկյանը, Հեղինե Փիլոսյանը եւ այլք։ 

«Նաեւ արդեն նախկին փողքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի հրավերով ներգրավված եմ եղել մի քանի նախագծերում, որոնցից էր Էրեբունի թանգարանի հիմնանորոգման եւ արդիականացման նախագիծը»,- ասաց Մխոյանը։

Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում գլխավոր ճարտարապետի կողմից նախագծման թույլտվությունների եւ նախագծերի միանձնյա հաստատման գործառույթների փոխարեն կոլեգիալ որոշումների ձեւաչափի անցման նպատակով նախաձեռնվել էր ռոտացիոն ձեւաչափով գործող խորհրդի ստեղծման բազմափուլ գործընթացը։ Այն նախատեսվում էր իրականացնել ոլորտում հեղինակություն վայելող, փորձառու մասնագետների ներգրավմամբ, որոնք պետք է առաջադրվեին պրոֆեսիոնալ դաշտը ձեւավորող այնպիսի կառույցների կողմից, ինչպիսիք են Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանը, Հայաստանի ճարտարապետների պալատը, Միջազգային ճարտարապետների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը եւ այլն։ Նշենք նաեւ, որ այդ խորհրդի ստեղծման որոշումը հաստատվել էր ավագանու կողմից։

Մխոյանի փոխանցմամբ՝ ստեղծված աշխատանքային խմբի մասնակցությամբ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հիման վրա ստեղծվել էր նոր բաժին, որը կոչված էր մշակել քաղաքի զարգացման ծրագիրն ու ռազմավարությունը, որն էլ իր հերթին պետք է ձեւավորեր գլխավոր հատակագծի համար տեխնիկական առաջադրանքը։ 

«Իրականացվեց նաեւ նախապատրաստական միջոցառումների եւ հանդիպումների մի մեծ գործընթաց՝ միտված քաղաքի կառավարման թվային համակարգի ներդրման ու ողջ ոլորտի գործառույթների, ինչպես նաեւ փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացմանը։ Մշակվեց, բայց չհասցրեց հաստատվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման նոր, պարզեցված ու ավելի տրամաբանական ձեւաչափ, որը կոչված էր կառուցապատող ընկերությունների եւ ճարտարապետների համար շատ ավելի հստակ եւ կանխատեսելի նախապայմաններ հաստատել՝ հիմնվելով գործող քաղաքաշինական նորմերի ու տարածական պլանավորման փաստաթղթերի վրա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով նաեւ, որ կամավորության սկզբունքների հիման վրա ստեղծվել էր խորհրդատվական մի հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էինք քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտներում տարիների ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած մի քանի տասնյակ երիտասարդ մասնագետներ, վաստակաշատ ու փորձառու մասնագետներ (Հրաչիկ Պողոսյան, Սաշուր Քալաշյան, Ալեքսանդր Բադալյան, Ալբերտ Զուրաբյան, Մհեր Չերկեզյան, Միքայել Հասրաթյան, Միսաք Խոստիկյան, Զառա Մամյան եւ այլք)։

Խորհրդի մի քանի ամսվա աշխատանքի ընթացքում, մեր զրուցակցի վստահեցմամբ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետների հետ համատեղ նախաձեռնվել են բազում քննարկումներ ոլորտում ձեւավորված խնդիրների եւ դրանց իրատեսական կամ հեռանկարային լուծումների, նոր համագործակցության ձեւաչափերի վերաբերյալ»։

Ի հավելումն՝ Լուսինե Մխոյանը հայտնեց նաեւ, որ սկզբունքային վերաարժեվորման ենթարկվեց գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ իբրեւ քաղաքի ուրբանիստական զարգացման համար պատասխանատուի, որը կոչված է ոչ թե ձեւավորել կամ թելադրել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճը, այլ համակարգել քաղաքաշինության ոլորտի կառավարման ու զարգացման մեջ ներգրավված բոլոր վարչական ու մասնագիտական միավորները։

«Ցավով պետք է նշեմ՝ ակնհայտ է, որ հիմա միտված են ղեկը լրիվ այլ ուղությամբ պտտել»,- եզրափակելով՝ ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանը։

Խխմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ավագանու նիստի ժամանակ նշեց, որ տիկին Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասաց Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում ներկայացնել խմբակցությունը։

Հավելենք, որ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ավագանու բոլոր անդամները որքան բացակայություններ ունեն ավագանու նիստերից։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել