1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Հիմնական նպատակը դրոշի առավելագույն հանրայնացումն է, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես երեխաների ու երիտասարդների հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: ՀՀ-ում, ցավոք, չի ձևավորվել լայնամասշտաբ գործածման պրակտիկա, ինչը վկայում է պետությունից և նրա խորհրդանիշներից բնակչության որոշակի օտարվածության մասին»,- ասաց Վարդանյանը:
Առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները և կրթական, գիտական, մշակութային, սպորտային բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության ու համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել դրոշի գործածման պարտավորություն:
«Առաջարկվում է նաև կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն առնչվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը»,- ասաց Վարդանյանը:
Հարցը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ու ստացել դրական եզրակացություն:
«Կառավարության դիրքորոշումն օրենսդրական այս փոփոխության նկատմամբ դրական է: Այսօր մենք իսկապես կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Միաժամանակ Խզմալյանը մի քանի դիտարկումներ մեջբերեց՝ մի մասը՝ տեխնիկական, մյուսը՝ սկզբունքային բնույթի:
«Անհրաժեշտ է հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն»,- ասաց Խզմալյանը:
comment.count (0)