«Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ. կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են». Իշխանասարի բնակիչ
11:41 - 14 փետրվարի, 2022

«Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ. կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են». Իշխանասարի բնակիչ

Անցյալ տարվա նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Իշխանասարի տարածքում լարված իրադրություն էր՝ ծանր հետեւանքներով․ կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հերթական սադրանքի մասին, հետագայում հաղորդվեց հայկական կողմի վիրավորների, ապա նաեւ զոհերի, գերիների ու մարտական դիրքերի կորուստների մասին։ 

Իշխանասարը, լուսանկարն՝ Infocom-ի

Այդ օրը տեւական փոխհրաձգության ձայները պարզ լսելի են եղել Սիսիան համայնքի Իշխանասար գյուղի բնակիչ Վարդուհի Հարությունյանի տանը, որ շատ մոտ է սարին․ ասում է՝ կրակոցների ձայներն այնքան ուժգին էին, որ տան հատակն անգամ դղրդում էր․

«Դխկդխկոցը գալիս էր, ես, ճիշտն ասած, մտածեցի զորավարժություն ա, շատ ա լինում։ Ամուսնուս հարցրի՝ Էդո՛, էս կրակում ե՞ն, թե՞ զորավարժություն ա։ Ուղղակի ինձ հանգստացնելու համար ասեց՝ զորավարժություն ա։ Դե, փաստորեն, կրակում էին։ Սարը մոտիկ ա, արդեն իրանք էլ։ Կրակոցի ձայներից զգացվում էր՝ քիչ-քիչ մոտիկանում են»,- պատմում է զրուցակիցս, որի ամուսինը՝ Էդուարդը, 44-օրյա պատերազմի մասնակից է։

Վախերի մասին խոսելիս Վարդուհին մի ծանր հոգոց է անում ու ասում՝ գյուղի կանայք լավ գիտեն՝ ինքն ինչ սթրես է տարել․ «Էդ իմ սթրեսից էրեխեքն էլ են արդեն վախենում, որովհետեւ ես վախիցս չեմ կարողանում ինձ տիրապետել։ Պատկերացնում եմ՝ մի օր ասեն՝ դուրս արի․․․ Ես ոչ մնալու տեղ ունեմ, ոչ էլ․․․»։

Իշխանասարի բնակիչը պատմում է՝ գյուղում ում հետ ինչ խոսեն՝ պատերազմի շուրջն է թեման․ բոլորի մեջ անհանգստություն կա։ Մտահոգվում են՝ ո՞նց են ապրելու․ հիմա էլ չեն կարող ոչ անասուսնին արոտ տանել, ոչ դաշտից շուշան ու ավելուկ հավաքել։

Հարությունյանի տան դարպասի մոտից պարզ երեւում է Իշխանասարը։ Նա ձեռքը պարզում է ամպերով ծածկված սարի կողմը, ասում․ «Էդ ա սարը, դե սարի հետեւում իրանք տեղակայված են, մերոնք էլ իրանց դեմ դիմաց, թե ինչքանով ինչ կլինի՝ չգիտեմ։ Կարեւորը խաղաղություն լինի․․․»։

Գյուղապետարանի աշխատակից Վարյա Անդրեասյանն ասում է՝ թեեւ գյուղում գազ, լույս, ջուր ունեն, բայց կյանքն այստեղ շատ դժվար է։ Իշխանասարը սահմանամերձ ճանաչված չէ, չի օգտվում այն արտոնություններից, որոնցից սահմանամերձ բնակավայրերը։ Բանն այն է, որ Իշխանասարը ոչ թե Ադրբեջանի հետ սահմանի գծին է, այլ ադրբեջանցիներն այդ հատվածում ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։

Անդրեասյանն ասում է՝ գյուղում 50-55 տուն կա, գրեթե բոլորը վարկեր ունեն, դա կյանքը շատ է դժվարացնում, կողքին կանգնած համագյուղացին՝ Բաբայան Անին, գլխով հաստատում է։ Իշխանասարում էլ հիմնականում անասպանահությամբ ու դաշտավարությամբ են զբաղվել, բնակիչներ կան՝ դաշտերից բանջար են բերել, վաճառել, բայց հիմա դա վտանգավոր է՝ հակառակորդի թիրախում կարող են հայտնվել։

Արոտների խնդիր կա, գյուղում մարդիկ անասունների մի մասը մորթել-վաճառել են, Անդրեասյանը շեշտում է՝ էժան-էժան․ «Բանջար հավաքել-ծախելն էլ, որ գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն էր, արդեն վտանգավոր ա, կարելի ա ասել՝ էդ դաշտերն իրանց դիտակետում են, մարդիկ էլ էդքան ռիսկ չեն անում գնան»,- ասում է Անդրեասյանն ու նաեւ ընդհանուր թանկացումների խնդրի մասին բարձրաձայնում՝ ձուն, ձեթը, ամեն ինչ, ասում է, թանկացել է, իսկ մարդիկ, որ շատ վարկեր ունեն, ո՞նց հոգան իրենց կարիքները, երեխաներին ո՞նց դպրոց ուղարկեն։ 

Երեխաները դպրոցից տուն են գնում, ճանապարհին ուրախ-ուրախ բարեւում անծանոթներին․ մի կողմից նրանց բախտը բերել է՝ մեծերի հոգսերը դեռ իրենց ուսերին չեն լցվել, մյուս կողմից էլ՝ արդեն զենքերից գլուխ են հանում, տարբերում՝ որն ինչ է․ պատմում են՝ պատերազմի ժամանակ գյուղով տանկեր էին տանում, բայց վստահեցնում են՝ իրենք չեն վախեցել ու չեն վախենում նաեւ հիմա։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել