Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան |armenpress.am|
13:14 - 14 փետրվարի, 2022

Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը անհասկանալի է համարում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պատճառը:

«Թող գան մեր գործընկերները (ընդդիմությունը- խմբ.) գամեն անարգանքի սյանը, եթե մեզ սխալ պահենք: Տեսախցիկները միացրած օնլայն ռեժիմով աշխատելու են: Ում ուզեին և ում ասեին, հրավիրելու էինք, նույնիսկ ում չասեին, նույնպես հրավիրելու էինք: Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը հասանելի են լինելու այս հանձնաժողովին: Բա լավ, դրանից հրաժարվե՞լ: Լավ մեզ չեք սիրում, դուք ձեզ էլ չե՞ք սիրում: Երբեք մեր գործընկերներին ամոթխած չէի տեսել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը նշեց, որ իշխանությունը ընդդիմության հետ աշխատել է տարբեր հանձնաժողովներում, բայց այս կարևոր հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելը անհասկանալի է համարում: Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, փորձագետներ են հրավիրվելու, գերատեսչությունների հետ են աշխատելու, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են լինելու զոհված զինծառայողների ծնողներ

«Նրանք իրենց զրկում են հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից: Լավ մեզ չեք սիրում, ձեզ սիրեք: Այդ հատուկ կարծիքը, որպեսզի ձևավորվեր, դուք պետք է ծայրից ծայր մասնակցեիք: Հիմա ասում են փորձագետներ պետք է հրավիրել, բա պետք է հրավիրենք: Լա՞վ եք պատկերացնում` հազարավոր փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, գերատեսչությունների հետ աշխատելու ենք: Ինչպե՞ս եք պատկերացնում, պետք է 7 հոգով նստենք և այդքանից գլուխ հանե՞նք»,- ընդգծեց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել