ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Նախարարը կարևորվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, նշել, որ երկու երկրների միջև կա համագործակցությունն ակտիվացնելու մեծ ներուժ, որը պետք է լիարժեք օգտագործել։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ Ղազախստանի կառավարության առջև դրված են նոր մարտահրավերներ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման, տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու մասով։
Կողմերը քննարկել են արդյունաբերության, մասնավորապես արդյունաբերական կոոպերացիայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորությունները, նաև արտահանմանը, բեռնափոխադրումների իրականացման գործընթացին, էլեկտրոնային առևտրին, երկու երկրներում գործող հարկման մեխանիզմներին, ուղիղ ավիաչվերթների վերաբացմանն առնչվող հարցեր։
Հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել օրակարգային հարցերը։
Անդրադառնալով Հայաստանի և Ղազախստանի գործարար շրջանակների, առանձին ընկերությունների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման հարցերին՝ զրուցակիցները կարևորել են համատեղ գործարար համաժողովների, գործարարների հանդիպումների կազմակերպումը։
Քննարկվել է նաև առաջիկայում Ղազախստանում ագրոարդյունաբերական համաժողովի կազմակերպման հնարավորությունը, Հայաստանի և Ղազախստանի առևտրային ցանցերի միջև համագործակցության ձևաչափը։
Երկուստեք կարևորվել է ինչպես ԵԱՏՄ շրջանակներում, այնպես էլ երկկողմ փոխշահավետ համագործակցության ակտիվացումը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը և Բոլատ Իմանբաևը մեկ անգամ ևս շեշտել են իրենց պատրաստակամությունը նպաստելու երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։
Հանդիպման ավարտին դեսպան Բոլատ Իմանբաևը Վահան Քերոբյանին է հանձնել Ղազախստանի նախագահի կողմից շնորհված մեդալը` նվիրված Ղազախստանի անկախության 30-ամյակին։
comment.count (0)