ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ ներկայացուցիչների հետ ընթացիկ և հետագա համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությունը։
Նախարարն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանում բավական շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևորվում են ՀՀ կառավարության կողմից։
Արիֆ Բահարուդինն իր հերթին նկատել է, որ համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը բավական լավ թափով վերականգնվում է և ցանկություն կա Հայաստանում շարունակել ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես հակված են շարունակել դպրոցներում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, հետաքրքրված են նաև հյուսիս-հարավ ծրագրի հարավային հատվածով, կարևորում են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերով ԱԶԲ գործընկերների կողմից ցուցաբերված ուշադրության և հետևողականության համար։
Փոխնախարարը ներկայացրել է հեռանկարային այն ծրագրերը, որոնք մշակվում և նախապատրաստվում են նախարարության կողմից։
Ե՛վ նախարարը, և՛ Քրիստինե Ղալեչյանն առանձնացրել են հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը և կարևորել ԱԶԲ ներգրավվածությունն այս ծրագրում:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ծրագրերի արդիականացման և իրականացման հնարավորությունները:
comment.count (0)