Նավալնուն թունավորած անձինք հետապնդել են նաև Բորիս Նեմցովին․ The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի հետաքննությունը
09:50 - 29 մարտի, 2022

Նավալնուն թունավորած անձինք հետապնդել են նաև Բորիս Նեմցովին․ The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի հետաքննությունը

 Լուսանկարում Բորիս Նեմցովն է

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ներկայացուցիչները «մարդասպանների նույն խմբի», «որը թունավորել է» ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնուն, Վլադիմիր Կարա-Մուրզային և գրող Դմիտրի Բիկովին, անընդհատ հետապնդել են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին նրա կյանքի վերջին ամիսներին, ասված է The Insider-ի, Bellingcat-ի և BBC-ի ռուսական ծառայության համատեղ հետաքննությունում։

The Insider-ում հրապարակված հետաքննական հոդվածը ներկայացնում ենք հակիրճ․

«Քաղաքական գործչի հետապնդումը մեկնարկը տրվել է այն բանից անմիջապես հետո, երբ նա սկսել է ակտիվորեն լոբբինգ անել Վլադիմիր Պուտինի ընկերների դեմ պատժամիջոցների ընդլայնումը, և դադարել է փետրվարի 21-ին՝ այն բանից մի քանի օր առաջ, երբ քաղաքական գործչին սպանել են Կրեմլի պատերի մոտ։ Ընդ որում, [Նեմցովի] վերջին ուղևորության ժամանակ ԱԴԾ աշխատակիցները դադարել են հետևել նրան։ Սպանությունից երկու օր առաջ նրանք կենտրոնացել են հակապուտինյան պատժամիջոցների մյուս լոբբիստի՝ Վլադիմիր Կարա-Մուրզայի վրա, որին հետագայում երկու անգամ թունավորել են։ Նեմցովի սպանության գործով պաշտոնական հետաքննությունը հիմնվում էր ԱԴԾ Քրեագիտության ինստիտուտի փորձաքննության վրա, որի հետ անմիջական կապ է ունեցել Նեմցովին հետապնդողներից մեկը։

Նեմցովին հետապնդել է ԱԴԾ նվազագույնը երեք աշխատակից՝ Վալերի Սուխարյովը, Դմիտրի Սուխինինն ու Ալեքսեյ Կրիվոշչոկովը (Սուխարյովն ավելի ուշ ներառվել է ԱԴԾ աշխատակիցների խմբում, որը թունավորել է Կարա-Մուրզային, Դմիտրի Բիկովին և Ալեքսեյ Նավալնուն, իսկ Կրիվոշչոկովը մասնակցել է գոնե Նավալնու թունավորմանը)։ Հետապնդումները տևել են 2014թ․-ի մայիսից մինչև 2015թ․-ի փետրվար։

[ԱԴԾ աշխատակիցները Նեմցովին] սկսել են հետապնդել 2014թ․-ի մայիսի 19–21-ը։ Հենց այդ փուլում Բորիս Նեմցովն ու Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերն ԱՄՆ-ում ակտիվորեն լոբբինգ էին անում Պուտինի մերձավոր շրջապատի դեմ պատժամիջոցների սահմանումը։ 2014թ․-ի հունվարի վերջին Նեմցովը հանդիպել էր ամերիկացի հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնի և Ռոն Ջոնսոնի հետ և նրանց փոխանցել 13 անուն՝ պատժամիջոցային ցանկում ընդգրկելու համար։ Մարտի 20-ին ԱՄՆ-ն հրապարակել էր պատժամիջոցների համալրված ցանկը։ Դրանից երկու ամիս անց մենք տեսնում ենք, թե ինչպես են ԱԴԾ մարդասպանները սկսում հետևել Նեմցովին»։

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Բորիս Նեմցովի մասին այս հետաքննության եզրակացությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է․ «Այդ ամենը ոչ մի կապ չունի և չի կարող որևէ կապ ունենալ ռուսական կառավարության հետ։ Այս ամենը նման է հերթական ստահոդ լուրի»։

Իսկ ԱԴԾ-ն չի պատասխանել պարբերականի հարցերին։

Բորիս Նեմցովը սպանվել է մեջքին արձակված չորս կրակոցների հետևանքով 2015թ․-ի փետրվարի 27-ին։ Մի քանի օր անց իշխանությունը ձերբակալել է Չեչնիայի հինգ բնակչի։

Դատաքննությունը կենտրոնացած է եղել սպանության կատարողների և կազմակերպիչների վրա ու ավարտվել է 2017թ․-ի հուլիսին։ Սպանությունն իրականացրած հինգ անձ դատապարտվել է 11-20 տարվա ազատազրկման։ Ենթադրյալ կազմակերպիչը միջազգային հետախուզման մեջ է։

Բորիս Նեմցովի ընտանիքի ներկայացուցիչները համաձայն չեն հետաքննության եզրակացությունների հետ։

Սպանությունը պատվիրողի մասին հարցը դեռ բաց է։ 2020թ․-ի սկզբին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նեմցովի սպանության պատվիրատուները հայտնաբերվել են, սակայն նրանց անունները չեն հրապարակվել»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել