Դանիան, Իտալիան ու Շվեդիան հայտարարել են ռուս դիվանագետներին վտարելու մասին

Մի շարք եվրոպական երկրներ այսօր հայտարարել են ռուսաստանցի դիվանագետներին վտարելու մասին։

Դանիայի արտգործնախարար Եպե Կուֆուդը հայտարարել է, որ իր երկիրը վտարում է 15 ռուսաստանցի դիվանագետների։ Դանիան միանում է Եվրամիության մյուս երկրներին, որոնք համանման քայլեր են ձեռնարկել ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության մասին հաղորդագրությունների ֆոնին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ տարեսկզբին Դանիայի Անվտանգության և հետախուզության ծառայությունն իր զեկույցում հայտնել էր, որ ռուսական դեսպանատան աշխատակիցներից ոմանք լրտեսությամբ են զբաղվում։

Իտալիայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսաստանցի 30 դիվանագետների վտարելու մասին, գրում է «Կոմերսանտը»։ Երկրի արտգործնախարար Լուիջի դի Մայոն ասել է, որ այս քայլն անհրաժեշտ էր երկրի ազգային անվտանգության հետ կապված պատճառներով և ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

Շվեդիան նույնպես միացել է եվրոպական մյուս երկրներին և լրտեսության համար վտարել ռուսաստանցի երեք դիվանագետի։

«Պատճառն այն է, որ նրանք հավատարիմ չեն Վիեննային կոնվենցիային և հետախուզական տվյալների հավաքագրման ապօրինի գործունեություն են իրականացնում», – Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Շվեդիայի արտգործնարար Ան Լինդեն։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով