Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ստեղծված իրավիճակի վերաբերյալ
06:49 - 20 մայիսի, 2019

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը.

Սիրելի հավատավոր զավակներ մեր,
Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:

Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:

Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:

Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել