Պեսկովը չի հայտարարել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություն է․ նրան են վերագրվում ռուս լրագրողի խոսքերը
15:26 - 18 ապրիլի, 2022

Պեսկովը չի հայտարարել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություն է․ նրան են վերագրվում ռուս լրագրողի խոսքերը

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանյան և ռուսական լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվում այն մասին, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ հանդիպումը՝ ասելով, որ միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում։ Պեսկովը, սակայն, նման հայտարարություն չի արել։

Այսպիսով, news.am կայքում ապրիլի 17-ին հրապարակվել է «Միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում. Պեսկովը՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին» վերտառությամբ նյութ (արխիվացված հղումը)։

Նյութում նշվում է․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կշարունակի տնտեսության հարցով խորհրդակցությունների շարքը և կքննարկի մետաղագործության ոլորտում տիրող իրավիճակը, բացի այդ՝  պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը»:

Ըստ news.am-ի՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ  «միջազգային ասպարեզում ստեղծված ներկայիս իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում»։

Հետաքրքիր է, որ news.am-ի միևնույն նյութի ռուսերեն տարբերակի միայն վերնագրում են այս խոսքերը վերագրվում Պեսկովին։ Իսկ նյութում նշվում է, որ այդ մասին տեղեկացրել են «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի ժամանակ (արխիվացված հղումը)։

News.am-ին հղումով լուրը վերահրապարակել են armedia.am, blackseanews.net, galatv.am կայքերը։ Hayknews.com-ը ևս նույն բովանդակությամբ հրապարակում է արել (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։

Պուտինի և Փաշինյանի հանդիպումը միջազգային նշանակության իրադարձություն անվանելը Պեսկովին վերագրող նյութ է հրապարակել նաև newsarmenia.am-ը՝ հղում կատարելով vesti.ru-ին։ Vesti.ru-ում, սակայն, ոչինչ չի ասվում Պեսկովի նման հայտարարության մասին (արխիվացված հղումներ՝ 1, 2)։ 

«Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան: Ներկայիս միջազգային իրավիճակում սա առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Մանրամասները՝ «Россия 1» հեռուստաալիքի նյութում»,- ասված է կայքում և կից ներկայացված է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի այն հատվածը, որտեղ խոսվում է Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին։

Առհասարակ, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի՝ Փաշինյանի այցին վերաբերող հատվածում ոչինչ չկա Պեսկովի մասին։ Ծրագրի վերջում հաղորդավարներից մեկը մյուսին հարցնում է, թե ինչ է սպասվում հաջորդ շաբաթ։ Վերջինս էլ պատասխանում է, որ տեղի են ունենալու միջազգային կարևոր իրադարձություններ։ Այնուհետև ցուցադրվում է ռեպորտաժ՝ Փաշինյանի այցի մասին, և ռեպորտաժի ընթացքում լրագրողն ասում է․ «Պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներկայիս միջազգային իրավիճակում սա հատուկ նշանակության իրադարձություն է» (նշված հատվածը կարող եք դիտել հաղորդման 35-րդ րոպեից)։

Ծրագրի ընթացքում Պեսկովից, այնուամենայնիվ, երկու մեջբերում կա։ 17-րդ րոպեում նա խոսում է «Ռոսկոսմոս»-ից, 19-րդ րոպեում՝ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Սակայն Փաշինյան-Պուտին հանդիպման մասին նա ոչինչ չի ասում։

Այպիսով, հայաստանյան և ռուսական լրատվամիջոցները սխալմամբ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին են վերագրել «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի լրագրողի խոսքերը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին։

Գլխավոր լուսանկարը՝ BBC-ի

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել