ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների լուծմանը։
Այն համոզումն ունեինք, որ երկրի քաղաքական իշխանությունը և հատկապես վարչապետ Ն․Փաշինյանը քաղաքական կամք կդրսևորի և համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ երաշխավորելու պետական իշխանության առանձին մարմինների և հատկապես իրավապահ համակարգի անխափան գործունեությունը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։
Ավաղ, մեր սպասելիքները չարդարացան․ամենայն համոզումով գտնում ենք և արձանագրում, որ վաչապետ Փաշինյանի՝ «վաղն առավոտյան հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղված կոչը անդառնալի հետևանքներով հղի նոր մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը։
ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունը արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։
Կոչ ենք անում դատավորներին չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։
Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը։
Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա, երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի»:
comment.count (0)