news.am: Մենք դեռևս չենք անցել վճռական փուլին, ամեն ինչ դեռ առջևում է, շարժումը թափ է առնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ մարդկանց հոսքը, հետաքրքրվածությունը պայքարի նկատմամբ օր օրի մեծանում է։
«Սկզբում կար վախի մթնոլորտ։ Մարդիկ վախենում էին թիրախավորվել թե սոցիալական ցանցերում, թե աշխատավայրում, թե ինչ-որ խմբերի կողմից։ Բայց ժողովուրդն արդեն իր որոշումը կայացրել է, մնում է՝ ճիշտ փաթեթավորենք ու ավարտին հասցնենք պայքարը»,-ասաց նա։
Ազատության հրապարակ եկած շատ մարդիկ, ըստ Վանեցյանի, խոսում են սոցիալական խնդիրների մասին, ակնկալում դրանց լուծում։
«Այս իշխանությունները որևէ ուղղությամբ չեն հաջողել, բոլոր ուղղություններով ձախողել են։ Մարդիկ ասում են, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով, որ ժողովուրդը պետք է լավ ապրի, մինչդեռ հանձնեց Արցախը, խարխլեց անվտանգային համակարգը, եղավ տարածքների կորուստ, ու այդքանի հետ լավ չեն ապրում։ Մարդիկ հասկանում են, որ առանց անվտագային երկարաժամկետ երաշխիքների չեն կարող լավ ապրել»,-ասաց նա։
Նա ասաց, թե առաջիկայում մեկնարկելու է իրենց պայքարի հաջորդ փուլը, հենց այդ փուլում էլ խոսելու են այն մասին, թե ինչ ծրագրեր ունեն ու կասեն, թե ինչ են անելու իշխանափոխությունից հետո։
Վանեցյանը վստահ է ՝ ոստիկանության ծառայողների մի մասն ուղղակի ստիպված է կատարում «իշխանությունների ապօրինի հրամանները»։
comment.count (0)