Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան
10:13 - 03 մայիսի, 2022

Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ընդդիմության արդեն երկու օր տևող ակցիաների պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն է՝ նշաձողն իջեցնելու պահանջի մասին։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը սպառել էր ներքաղաքական օրակարգը, չկար մի բան, որով հնարավոր էր հանրությանը գեներացնել,  դրա համար էլ փորձում է «ելույթի այդ մի հատվածով» գեներացնել հանրային դժգոհություն։

«Արտաքին դիվանագիտական ճակատում մեր կարևորագույն հանդիպումներից առաջ անպայման ձեռնարկվում են որոշակի ակցիաներ, ընդդիմության կողմից ճնշում է գործադրվում գործող իշխանության վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության գերկենտրոնացումը արտաքին ճակատում կարող է թուլացրած լինել ներսը, իրենք [ընդդիմադիրները] փորձում են օգտվել հնարավորությունից և իրենց նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չեն դնում»,- 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։

Խոսելով ակցիաների մասին՝ Բագրատյանը նշեց, որ պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ «քաղաքական շահի ընթացքի մեջ են»։

«Ենթադրվում է նաև, որ հնարավոր է, որ որոշակի կենտրոններից ուղերձներ են հղվում ընդդիմությանը, և փորձում են գեներացնել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները սխալվեն այս դիվանագիտության հարաբերության ընթացքում, իսկ ներքին և արտաքին ճնշման տակ այդ սխալների արդյունքում իրենք կարողանան իշխանափոխություն իրականացնել»,- նշեց պատգամավորը։

Բագրատյանը նաև մտահոգությու հայտնեց, որ ընդդիմության մի թևը Հայաստանի ապագան տեսնում է «առնվազն Ռուսաստանի հետ համընթաց»։

«Այսինքն՝ այստեղ մենք անկախության լուրջ կորուստներ կարող ենք արձանագրել և մեր սուվերենությունը հանձնել որևէ երրորդ պետության։ Ոչ ոք չի հրաժարվում ռազմավարական դաշնակցի հետ համագործակցությունից, բայց ցանկացած համագործակցություն և ցանկացած հարաբերություն պետք է չլինի ի հաշիվ երկրի անկախության և սուվերենության»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմությունն ու իշխանությունն ունեն կուլիսային պայմանավորվածություններ, Բագրատյանը նշեց․ «Ցանկացած ակցիա, որը կոնկրետ նշում է Արցախի հարցում իշխանության բացթողումները՝ նշաձողն իջեցնելու հետ կապված և այլն, դու կարող ես դա օգտագործել արտաքին հարթակներում, որ կա ընդդիմություն, որն Արցախի հարցում այլ դիրքորոշում ունի, և այդ դիրքորոշումը կարող է բերել արհավիրքների։ Եվ արտաքին խաղացողները, որոնք շահագրգռված են տարածաշրջային խաղաղությամբ, հաշվի են նստելու այդ իրողության հետ։ Եթե իշխանությունը ճիշտ է խաղարկում այս իրողությունը, կարող է որոշակի դիվիդենտներ շահել և այս դժգոհությունը վերածել արտաքին հաջողության որոշակի սեգմենտներում։ Բայց արդյո՞ք դա կուլիսային պայմանավորվածություն է․ չեմ կարծում, որ հնարավոր է կուլիսներում պայմանավորվել մի հարցի շուրջ, որը, ի  վերջո, իշխանւթյան խնդիր է լուծում։

Բագրատյանի խոսքով՝ սա սոցիալական հենք չունեցող շարժում է․ «Արցախի ղեկավարությունը հստակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ընտրված իշխանության հետ համատեղ իրականացնում են նույն քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե Արցախի իշխանությունը դժգոհություն հայտներ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունից, բնականաբար, ընդդիմությունն ավելի լայն զանգվածներ կարող էր գեներացնել։ Արցախի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ ներքաղաքական օրակարգում Արցախը մի՛ քննարկե։ Դա վերաբերում էր և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։ ․․․ Ընդդիմությունը, եթե ասում էր՝ Արցախի հարցը լուծելու համար եմ ես իշխանություն ուզում, Արցախի հարցը վերացավ, մնաց «իշխանություն եմ ուզում» հատվածը, իսկ իշխանություն բոլորը ուզում են»։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստին հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

Հիշեցնենք նաև, որ ընդդիմությունը, երկու օր է, բողոքի ակցիաներ է իրականացնում։ Այսօր առավոտվանից ևս ակցիաները շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել