«ՀՀ իշխանությունը, մեր իրավիճակից ելնելով, այսօր ապահովում է ՀՀ անվտանգությունը շատ ավելի լավ, քան այսօր դրա մասին խոսող այն դերակատարները, որոնք կարողացել են ապահովել կամ կկարողանան այս իրավիճակում ապահովել»։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը ասելիք չունի, բայց նրանք դուրս են եկել փողոց՝ Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, արդյո՞ք դա ասելիք չէ, դա իշխանության համար լուրջ ազդակ չէ՞, որ իրենց քաղաքականությունը այս առումով սխալ է, Սիմոնյանը պատասանեց․ «Խնդրում եմ՝ թող ընդդիմությունը, դուք բացատրեք, թե ինչ է նշանակում այդ «համար»-ը, ո՞րն է դա, երբ վիրավորում են, գոռում են՝ միացի՛ր, դա առաջա՞րկ է անվտանգության համար, այն, ինչ իրենք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պիտի անեին, մոտ քսան տարի ժամանակ ունեցել են, եւ ոչինչ չեն արել»։
Անդրադառնալով նախկինում հնչած այն տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է բանակցի՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ներողություն եմ խնդրում, բայց նախ դուք չպետք է որոշեք, այլ ժողովուրդը, եւ ժողովուրդը այդ որոշումը կայացրել է, եւ երկրորդ, բա ո՞վ պետք է բանացկի․ Քոչարյա՞նը, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային պրոցեսից, եւ քննարկում էր Մեղրին Արցախի հետ փոխարինելու հարցը, թե՞ Սերժ Սարգսյանը, որը տասը տարվա պաշտոնավարումից հետո եկավ եւ ասաց, որ բանակցային պրոցեսը այլեւս լավատեսություն չի ներշնչում, եւ մենք գտնվում ենք փակուղում, թե՞ Վանեցյանը թե՞ Դաշնակցությունը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքն ուզում է հասկանալ ընդդիմության առաջարկները։
Լրագրողի հարցին՝ բայց արդյո՞ք այս իշխանությունը պետք է բանակցի, որը պարտվել է եւ Արցախի 75 տոկոսը տվել է թշնամուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ, այդ հարցի պատասխանը տվել է ՀՀ քաղացացին, ոչ թե ես, ոչ թե դուք, այս նույն մարդիկ ութ ամիս առաջ այս նույն լոզունգներով գնացին քաղաքացու մոտ, ի դեպ, իրենք չէին ուզում գնալ, մենք ենք պարտադրել այդ օրակարգը, որ ժողովուրդը պիտի որոշի, եւ ժողովուրդը այդ հարցի պատասխանը տվել է»։
Անդրադառնալով «75 տոկոս» ձեւակերպմանը, ԱԺ նախագահը հարց հնչեցրեց․ «Եկեք մի բան հասկանանք․ այդ որ ասում եք 75 տոկոս, այն գրավյալ տարածքները մե՞ջն են, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը եւ ասում, որ դրանք որեւէ նշանակություն չունեն, թե՞ դուք նկատի ունեք հենց Արցախի տարածքը, որով Արցախի Հանրապետությունը իր անկախությունն է հռչակել։ Անվերջ կան բաց տեղեր, անվերջ կա քաղաքական որեւէ կոնկրետ հարցի պատասխանի բացակայություն, եւ դա է պատճառը, որ մեր ընդդիմությունը այսօր, մեղմ ասած, բավականին վատ իրավիճակում է հայտնվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդդիմությանը, ամեն դեպքում, հասկանում է․ «Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, եւ կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետեւ նրանց քաղաքական ասելիքը սպառված է»։
comment.count (0)