ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները
17:07 - 03 մայիսի, 2022

ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ժասուրբեկ Չորիևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Միջազգային հարաբերութունների, լոգիստիկայի և արտահանման զարգացման վարչության պետ Մամանբի Օմարովը և օդային տրանսպորտի զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սատոր Սատորովը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության ռազմավարական ուղղություններն ու հեռանկարները։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հետաքրքրություն հայտնել հայկական ավիաընկերությունների շուկայում ներգրավված լինելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ ուզբեկական ավիաընկերությունները ունեն ցանկություն դեպի Հայաստանի Հանրապետություն ուղիղ չվերթեր իրականացնել, սակայն ներկայում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չունեն բավարար ռեսուրսներ։

Ի պատասխան՝ հայկական կողմը ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ գործող և ստեղծվող ավիաընկերությունների մասին, պատրաստակամություն հայտնել խթանել ընկերությունների և ուզբեկական կողմի միջև կապի հաստատումը և գործընկերության ստեղծումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները։

Արմեն Սիմոնյանը, դրական գնահատելով հանդիպման արդյունքները, նշել է, որ կողմերը կշարունակեն ակտիվ համագործակցությունը և, հնարավոր է, միջկառավարական համաձայնությամբ ամրապնդեն դինամիկ զարգացող հարաբերությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել