Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել․ Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին
11:33 - 04 մայիսի, 2022

Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել․ Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ ընդդիմության ակցիաներին։

«Նրանց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են իրենց գործունեությունը, անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են էլ ավելի հարստություն ունենալ։ Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- ասաց պատգամավորը։ 

Խաչատրյանի խոսքով՝ այս իրավիճակում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ․ «Մի բան է, երբ իշխանությունը բռնազավթված է, հասարակությունը՝ համոզված է, որ կաշառքով, չգիտեմ ինչով ձևավորվել է և ընդվզում է, մի բան է, որ ինչ-որ հրոսակախմբեր օրինական իշխանությունը փորձում են ու տապալել ու զավթել իշխանություն։ Այդ ժամանակ անհնազանդություն չի սա, և այդ ժամանակ օրենք է պետք։ Ինչքա՞ն կարելի է փողոցը փակած պահել, ովքե՞ր կարող են փողոցը փակել, իսկ ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները, որոնք այդ ընթացքում տուժում են»։

Նա ասաց, որ քողարկված հեղափոխություն է ասպարեզ եկել․ «Քողարկված հեղափոխականություն է ասպարեզ եկել, պատահական չէ, որ այդ բառը կրող կուսակցություն է այս ամենը ղեկավարում, հեղափոխականությունը իր հետ բերում է տգիտություն, ցինիզմ, լկտիություն, ոչ մի լավ բան չի բերում էդ քողարկված հեղափոխականությունը։ Իրական հեղափոխությունը այլ բան է, որ ցանկալի չէ, բայց տեղի է ունենում»։

Խաչատրյանի խոսքերին արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Մենք ենք «մեղավոր», որ էդ ընկերություններում փայ չենք մտել, էդ ընկերությունները մերը չեն,  էդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտեն, ժամանակին թե ընկերությունները, թե էն հայտնի շոու բիզնեսի աստղերը, որոնք վախում էին մի հատ ծպտուն հանեին, թե որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրանց էդ սև քողերի տակից հանեին, մենք ենք «մեղավոր»։  Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվի և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,-նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել