«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին, ընդդիմադիրներն այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե բացահայտում ունի անելու։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը մշտապես փախչել է ճշմարտությունից, այս դեպքն էլ բացառություն չէր։ Իսկ թե որն էր վարչապետի ասելիքը՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ասել է՝ ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք լավ հասկանան այդ ճշմարտությունը եւ հաշվի նստեն դրա հետ․ «Վարչապետը, երբ կգա պատեհ պահը, կասի իր ասելիքը ընդդիմադիրների ներկայությամբ»։
Արթուր Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ․ «Նրանք հստակ հայտարարեցին՝ որն էր իրենց նպատակը, դա իշխանության զավթման անհաջող փորձն է։ Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի մասին, բայց մարդիկ Երեւանի փողոցներում Արցախի դրոշներ տեղադրելով չեն կարող Արցախ փրկել»։
Ինչ վերաբերում է ընդդիմության հետ կառավարող ուժի հնարավոր քննարկումներին, Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մեկ անգամ իրենք հանրային եւ ոչ հանրային կերպով առաջարկել են ընդդիմությանը գալ եւ ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ ստանալ․
«Երեկվա դեպքը դրան էր վերաբերում, երեկ էլ սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան, որն, ըստ էության, կարեւոր բովանդակություն էր պարունակում։ Բայց ընդդիմությունը փախել է ճշմարտությունից, որովհետեւ եթե նրանք մտնեն եւ ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց եւ ծակ բաժակներով կենացներ ասել։ Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են։ ՀՀ-ում ժողովուրդն է իշխանություն, եւ Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությունով, օրենսդիրով ամուր կանգնած է իր տեղում եւ թույլ չի տալու, որ ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ եւ անկարգություն անելու միջոց»։
comment.count (0)