Հանրային Հեռուստաընկերության հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում բանավեճի է հրավիրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին։
Հրավերին արձագանքել է և՛ Հայկ Կոնջորյանը, և՛ Սեյրան Օհանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
« Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ Հանրային եթերում։ Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։
Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է․
«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։
«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,- ասված է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հայկ Կոնջորյանը կրկին գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ հրավերի մերժմանը։
comment.count (0)