ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին:
Ողջունելով ներկաներին՝ նա բարձր է գնահատել ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները` շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բրիտանական և շվեդական դեսպանությունների, UK Aid կազմակերպության համատեղ ուժերով վերանայվել են առաջնահերթ խնդիրները, որոնց պարբերական լուծումները բարձրացնում են խորհրդարանական ժողովրդավարության մշակույթի նշաձողը:
Նա արձանագրել է պատգամավորների, աշխատակազմի ու խորհրդարանի կառուցվածքային ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքի արդյունավետությունը: Խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել հատկապես էլեկտրոնային խորհրդարանի հիմնմանը և համաշխարհային խորհրդարանների լավագույն փորձի տեղայնացմանը:
Որպես տեսանելի և առարկայական արդյունք` Ալեն Սիմոնյանն առանձնացրել է Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, 2022 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքում առաջին անգամ ներկայացված գենդերային բյուջետավորումը:
Նա անդրադարձել է նաև ծրագրի շրջանակում խորհրդարանում ստեղծված Վերլուծական ու վերապատրաստման, Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոններին:
Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի առանցքային նախագիծն է:
«Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը մշակվել է Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համար` ուշադրության կենտրոնում պահելով խորհրդարանական գործառնությունների որակի, թափանցիկության և ներառականության բարելավումը:
Ծրագիրն օժանդակում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի կողմից` ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:
Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվեն նոր գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կնպաստեն աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը՝ համահունչ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ոչ ոքի չանտեսելու գլոբալ «Օրակարգ 2030»-ին:
comment.count (0)