Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի
13:24 - 17 մայիսի, 2022

Սեռը փոխելու համար բժշկական միջամտությունն օրինական դարձնելու օրենքի նախագիծ գոյություն չունի

Ընդդիմության՝ մայիսի 15-ի հանրահավաքի ընթացքում Սերժ Սրապիոնյանն իր ելույթում հայտարարեց, թե մի նախագիծ է շրջանառվում, ըստ որի, իբր, մարդը կարող է որոշել իր սեռը փոխել, և պետությունն այդ վիրահատության համար նրան տրամադրելու է 25 հազար դոլար․ «Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնան, և դա գրանցվելու է պետականորեն գրանցման սեղաններում։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել, և պետությունը այդ վիրահատության համար տալու է 25 հազար դոլար, որպեսզի մարդը փոխի իր սեռը։ Թույլ են տալու, որ այդ մարդը այդ դեղերը ընդունի և ստանա 2 մլն դրամ դրա համար»։

Նրա ելույթը տարածել են 24․news.am, mediahub.am, bavnews.am, zham.am և այլ կայքեր (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։

Սերժ Սրապիոնյանի տեղեկության աղբյուրը yerevan.today կայքն է։ Սակայն կայքի տարածած տեղեկությունները պաշտոնապես հերքվել են։

Այսպիսով, կայքը մայիսի 11-ին գրել է․ «Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում հստակ, սևով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ Կառավարությանն առաջարկվում է  նույնասեռական տղամարկանց առնվազն երեք ոլորտներում արտոնել նոր իրավունքներով՝ ընդհուպ սեռափոխության անվճար վիրահատություն, հետևաբար ամուսնության և նույնասեռականներին զագսավորելու փաստաթղթային խնդիրները լուծել» (արխիվացված հղումը)։

Ըստ Yerevan.Today-ի տեղեկությունների՝ փետրվար-մարտ ամիսներից Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պետական համակարգի ներքին օղակներում փակ քննարկվում է Հայաստանում սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծ․ «Նույն օրենքով հեղինակները նախատեսում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին աղջիկ կամ տղա դառնալու վիրահատությունն իրականացնել լրիվ անվճար սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում»:

Ինչպես տեսնում ենք, Yerevan.Today-ի հրապարակման մեջ ոչինչ չկա «25 հազար դոլար վճարելու» մասին, չնայած Սերժ Սրապիոնյանն իր ելույթում նշում է այդ թիվը։

Առողջապահության նախարարությունը դեռ մայիսի 12-ին հերքել էր լուրը, թե Արդարադատության, Առողջապահության նախարարությունների և ՄԻՊ գրասենյակի հետ «փակ քննարկվում է Հայաստանում տրանսգենդերների համար սեռը փոխելու բժշկական միջամտությունը օրինական դարձնելու օրենքի նախագիծը»։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակից հայտնել են, որ գրասենյակը նման որևէ նախագծի կամ նախաձեռնության քննարկմանը ներգրավված չէ։

Արդարադատության նախարարի խոսնակն էլ, մեկնաբանելով նախագծի մասին տեղեկությունը, նշեց, որ այն «բացարձակ սուտ է»։

Այսպիսով, լրատվամիջոցները տարածում են Սերժ Սրապիոնյանի հայտարարությունը՝ հիմնված Yerevan.Today-ի հրապարակման վրա, որը պաշտոնապես հերքում են Առողջապահության և Արդարադատության նախարարություններն ու ՄԻՊ գրասենյակը։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել