Դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Իգոր Խաչատուրովի գործով  իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը
 |hetq.am|
23:14 - 19 մայիսի, 2022

Դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Իգոր Խաչատուրովի գործով իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Իգոր Խաչատուրովի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Սա այսօրվա ընթացքում Արղամանյանին ներկայացված երկրորդ միջնորդությունն էր:

Պողոսյանն առաջին միջնորդության հիմքում դրել էր այն հանգամանքը, որ Իգոր Խաչատուրովի ձերբակալման դեմ բողոքը և նրան կալանավորելու միջնորդությունն Արղամանյայնին մակագրվել է ձեռքով՝ Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից: Այս հիմքով ինքնաբացարկի միջնորդությունն Արղամանյանը մերժել է:

Երկրորդ միջնորդության հիմքում Միհրան Պողոսյանը դրել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Արամանյանը  մասնակցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Իգոր Խաչատուրովի հորը՝ Յուրի Խաչատուրովին կալանավորելու պահանջով բողոքի ակցիաներին: Խոսքը սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործի մասին է, որով անցնում էր նաև Իգոր Խաչատուրովի հայրը՝ Յուրի Խաչատուրովը: Տևական ժամանակ քննությունից հետո Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Խաչատուրովին և Քոչարյանին և մյուսներին վերագրվող սահմանադրական կարգ տապալելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի 300.11 հոդվածը, որից հետո այս հոդվածով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ Դավիթ Արղամանյանը չի հերքել, որ մասնակցել է վերը նշված քաղաքական ակցիաներին, և, փաստորեն, խորհրդակցական սենյակ հեռանալով՝ որոշել է բավարարել իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել