Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել
13:33 - 26 մայիսի, 2022

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանքի մեջ է, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։ 

Պատգամավորները, ըստ պաշտպանական խմբի հաղորդագրության, երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։ 

Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» հիմնադրամը, որը ևս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի և չի խուսափի քննությունից, ինչպես նաև հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել