news.am: Հունիսի 3-ին հենց այս հատվածում՝՝ ԵՄ գրասենյակի անմիջական հարևանությամբ, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ես կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասաց նա:
Այնուհետև Վարդևանյանն ընթերրցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հայտարարության տեքստը, որը փոխանցվեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
Հայտարարությունում ասվում է.
«Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են.
Սույն թվականի հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ, այն է «Սվիրել» լուսաձայնային նռնակներ: Չնայած այն բանին, որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը, պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը:
Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառում իրականացվել է առանց նախնական զգուշացման:
Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում, որոնց թվում նաև կանանց ու տարեցների մոտ առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ընդ որում, վնասվածք ստացածների միայն մի հատվածն է դիմել բժշկական օգնության: Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարների շրջանում:
Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում:
Իսկ որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց:
Հաջորդ խնդիրը, որ ներկայացվում է դեսպանին, խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանության մի շարք ծառայողների կողմից ոստիկանության մասին և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ ոստիկանության ծառայողների նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանները չկրելու փաստն է:
Օրենքի նման պահանջը նպատակ է հետապնդում, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին:
Ավելին՝ ԵՄ դեսպանատան համար մշտապես կարևորվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում ուղղակի առկա է նման պահանջ: Նաև անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս խնդիրը նույնիսկ արձանագրվել է գործող ՄԻՊ-ի կողմից:
Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրատվամիջոցների նկատմամբ, խոչընոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի ձողը, երբ լրագրողը ընկած է եղել գետնին, և այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ գույքը վնասվել է:
Ոստիկանները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց զգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել նշված տարածքում աշխատող լրագրողների առողջության և մասնագիտական գործունեություն ծավալելու համար:
Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտկցելով, որ հավաքի մսնակիցների մեծ մասը 44-օրյա պտերազմի մասնակիցներ են: Իսկ հետպատերազմական շրջանում այդ միջոցների ձայնն անգամ բվական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»:
Արամ Վարդևնայնանը հույս հայտնեց, որ ԵՄ դեսպանի կողմից այս հայտարարությանը կլինի պատշաճ արձագանք:
«Երբ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրվունքների կոնվենցիայի բոլոր կետերը, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրխուսում է ոստիկանական վայրագությունները»,- ասաց Վարդևանյանը:
comment.count (0)