Ցույց Թբիլիսիում՝ կառավարության հրաժարականի պահանջով
 |azatutyun.am|
09:49 - 04 հուլիսի, 2022

Ցույց Թբիլիսիում՝ կառավարության հրաժարականի պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ երեկ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ էին՝ կառավարության հրաժարականի պահանջով։

Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում էին ձևավորել ազգային համաձայնության նախարարների կաբինետ, որը կկարողանա երկրում բարեփոխումներ իրականացնել և հասնել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի։

Հանրահավաքի մասնակիցները փակել էին Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է հանրապետության խորհրդարանի շենքը։

Եվրամիության ղեկավարները հունիսի 23-ին ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային թեկնածուների կարգավիճակ տրամադրեցին։ Նրանք ընդունեցին Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև մի շարք պայմանների կատարման դեպքում նրան թեկնածուի կարգավիճակ տալու պատրաստակամությունը։

Վրաստանը 2009 թվականից անդամակցում է «Արևելյան գործընկերության» ծրագրին, որն ուղղված է ԵՄ-ի և նախկին խորհրդային հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը։

2014 թվականին երկիրը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը։ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստացել զբոսաշրջային ուղևորություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ՝ առանց վիզայի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել