azatutyun.am: «Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Կարեն Անդրեասյան. - Ինձ համար շատ ցավալի էր և անկեղծ պիտի լինեմ, շատ բաներ այդտեղ իմ ճաշակով չէին, այդ թվում՝ այն երաժշտությունը, որ հնչում էր այդ ձայնագրության մեջ: Իսկ բովանդակության որոշ մասեր, իմիջիայլոց, վկայությունն էին այն բոլոր խնդիրների, որոնց մասին ես խոսել եմ թե՛ որպես արդարադատության նախարար, թե՛ խոսել եմ որպես փաստաբան, որպես շարքային քաղաքացի և խոսել եմ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան: Իմիջիայլոց, ոչ թե բուն այդ տեքստերը կամ որևէ բառ է այնտեղ, այլ ընդհանուր մթնոլորտի հետ կապված բոլոր մեր մտահոգությունները ինչ-որ իմաստով նաև արտացոլված էին որոշ զրույցների մեջ:
«Ազատություն». - Մյուս կողմից չե՞ք կարծում, որ Դուք, վարչապետը առնվազն այսքանը, ինչ-որ հիմա ասում եք, հենց ձայնագրությունը հրապարակելուց հետո պիտի մարդկանց ասեիք, այդ մեսիջը տեղ հասցնեինք, և ոչ թե սպասել, որ օրինակ՝ ուղիղ եթերում ասի՝ «ինչ արել եմ լավ եմ արել, ճիշտ եմ արել, օրինական է», և միայն առողջական խնդիրները պատճառ բերելով հեռանալ:
Կարեն Անդրեասյան. - Ձեր հարցի մեջ մի կտոր կա, որ արդար չի, վարչապետն իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է և շատ հստակ գնահատական է տվել, ասելով, որ՝ այո, այդ ձայնագրությունը, ընդհանրապես նման խոսակցությունները, նման երևույթները նսեմացնում են դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը, վստահությունը: Սա, կարծում եմ, շատ լուրջ գնահատական է, որից հետո նաև առողջական պատճառներով, նաև այլ հանգամանքներով մենք տեսանք որոշակի զարգացումներ, որոնք չեմ կարող ասել, որ լիովին բավարարում են և՛ մեզ, և՛ հասարակությունը, բայց մենք տեսնում ենք, որ կա որոշակի առողջացման գործընթաց: Ձայնագրությունից օրեր անց, այլ հիմքերով, բայց դադարեցվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները, պարոն Վարդազարյանի, դրանից էլ օրեր անց հրաժարականի դիմում եղավ, և այսօր արդեն բարձրագույն այդ կարևորագույն մարմնի 10 աթոռներից 3-ը թափուր են, և ես հույսով եմ, որ նոր համալրումները կբերեն նոր որակ բարձրագույն դատական խորհրդում և ամբողջ դատական համակարգում:
«Ազատություն». - Բայց այդպիսի հույսեր կային նաև Ջհանգիրյանին ընտրելիս, նա, այնուամենայնիվ, այս իշխանության կադրն է:
Կարեն Անդրեասյան. - Ճիշտ եք ասում, և հույսը վերջում է մեռնում, կարելի է փորձել, կարելի է չարչարվել, նորից գտնել, նորից հրավիրել: Իմիջիայլոց, այն պահանջները, որոնք դրված են Բարդագույն դատական խորհրդի անդամների առջև, բավական լուրջ պահանջներ են: Այսինքն՝ 15 տարվա մեծ փորձ, գիտությունների աստիճան և այլն: Այսինքն՝ այդ մարդիկ չեն կարող լինել ուղղակի շատ հարգված քաղաքացիներ, որոնց մենք վստահենք ու կհրավիրենք, պետք է նաև մասնագիտական որակներ ունենան: Եվ, այո, ինչ-որ իմաստով բոլոր կադրային նշանակումները չեն, որ տալիս են այն արդյունքները, որը սպասում է մեր իշխանությունը:
comment.count (0)