armlur.am: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթի հարուցումից հետո՝ երեկ, ՀՀ քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է հենց ինքը՝ Վարդազարյանը։
«Վկայի կարգավիճակով հրավիրվել եմ և հարցաքննվել: Ինձ ասել են՝ ներկայացնեմ ձայնագրության ամբողջական տարբերակը, իսկ ես պատասխանել եմ, որ ոչ մի դեպքում այն չեմ տրամադրի: Այսքանը»,- ասել է Վարդազարյանը։
Հիշեցնենք, որ Վարդազարյանի՝ ձայնագրությունը հրապարակելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որով նրա լիազորությունները դադարեցվեցին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 4-ին։
comment.count (0)