«Ես իմ երկու ընկերներին հրավիրել էի միասին ընթրելու»․ Ստեփան Միքայելյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին
 |news.am|
17:11 - 27 հուլիսի, 2022

«Ես իմ երկու ընկերներին հրավիրել էի միասին ընթրելու»․ Ստեփան Միքայելյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին |news.am|

news.am: ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանն այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ հրաժարեց պատասխանել այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցի աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ լրագրողների հարցերին:

Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում այդ ձայնագրության մեջ, նա պատասխանեց. «Դե հիմա գործը հարուցվել է, դրա արդյունքներով ամեն ինչ կորոշվի: Դա քրեական գործ է եւ ես իրավունք չունեմ դրա մասին որեւէ դիտողություն կամ կարծիք հայտնելու»:

Դիտարկմանը, որ ինքը որպես միջնորդ է հադես եկել, Միքայելյանն ասաց. «Այդտեղ միջնորդության խնդիր չի եղել: Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք: Դա իմ ցանկությունն է եղել, որ իմ  ընկերները, որ իրար հետ որոշակի լարվածություն ունեին, հարթվեր»:

Պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին՝ Միքայելյանն ասաց. «Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:

Նշենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել