hetq.am: Սահմանադրական դատարանն (ՍԴ) աշխատակարգային որոշում է կայացրել դիմել` Վենետիկի հանձնաժողով («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»)՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:
Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում:
Նշված գործի շրջանակներում 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:
Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին:
Մինչ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկվում է դատարանում` օրեր առաջ Գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը:
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ առաջ է քաշել 4 հարց, որոնց վերաբերյալ էլ ակնկալում է Վենետիկի հանձնաժողովից ստանալ դրանց պատասխանները: Մասնավորապես, ՍԴ-ին հետաքրքրում է՝
ՍԴ-ն գործով վարույթը կասեցրել է մինչև Վենետիկի հանձնաժողովի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքն ստանալը:
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդարդառնալով Վետենիկի հանձնաժողով դիմելու ՍԴ որոշմանը, նշել է, որ դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց։
«Խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում՝ այն ինչ բազմիցս կանխատեսվել էր բազմաթիվ մասնագետների կողմից»,-նշել է Ա. Ղազարյանը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը:
Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում գլխավոր դատախազությունն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։
Պատասխանողը կարող է հերքել գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ:
Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։
Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից՝ անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից։ Գույքի բռնագանձումից հետո անձն իրավունք ունի հետ պահանջելու բարելավումների իրականացման համար իր այն ծախսերը, որոնք կատարվել են օրինական եկամուտների օգտագործմամբ:
Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության։
comment.count (0)