Մարգարիտ Եսայան vs Հակոբ Ասլանյան․ ո՞վ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել
18:56 - 09 օգոստոսի, 2022

Մարգարիտ Եսայան vs Հակոբ Ասլանյան․ ո՞վ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել

Մի քանի օր առաջ՝ «24TV»-ին տված հարցազրույցում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն, անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, գնահատական տվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գործունեությանը։

«Անցյալ օրը, նախկին ՀՀԿ-ական 5-րդ և 6-րդ գումարման պատգամավորուհի կար, որը իր ամբողջ [գործունեության] ընթացքում բացարձակապես ոչինչ չի արել, ես չեմ տեսել մի ելույթ նրա։ Մարգարիտ Եսայան․ ես անուն եմ տալիս։ Այնպես է հոխորտում, այնպես է խոսում։ Գոնե, ա՛յ տիկին, գնա մի հատ հայելու մեջ նայի, մի հատ տես՝ դու ով ես։ Երկու գումարումների պատգամավոր ես եղել, ի՞նչ ես արել հայրենիքի համար՝ բացի թալանելուց»,- նշեց Հակոբ Ասլանյանը։

«Infocom»-ն ուսումնասիրել է Ազգային ժողովում առկա տվյալները՝ հասկանալու՝ Մարգարիտ Եսայա՞նն է պատգամավորական ավելի ակտիվ գործունեություն ծավալել, թե՞ Հակոբ Ասլանյանը։

Ուսումնասիրվել է ԱԺ նիստերի սղագրությունների բաժինը, որտեղից առաձնացվել են երկու պատգամավորների բոլոր ելույթները, ինչպես նաև նախագծերի բաժինը, հասկանալու համար, թե նրանցից ով քանի նախագիծ է հեղինակել։

Մարգարիտ Եսայանը եղել է ԱԺ 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր, 
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ։

5-րդ գումարման ընթացքում (2012-2017 թթ․) Մարգարիտ Եսայանն ունեցել է առնվազն 50 ելույթ։ 6-րդ գումարման ընթացքում (2017-2018) նա ունեցել է 9 ելույթ։

Փաստորեն, իր պատգամավորական ողջ գործունեության ընթացքում՝ 2012-2018 թթ․, Եսայանը տարեկան ունեցել է միջինում 8 ելույթ։

Հակոբ Ասանյանն ԱԺ պատգամավոր է 2020-ի դեկտեմբերից։ Իր պատգամավորական գործունեության ավելի քան մեկուկես տարվա ընթացքում նա ելույթ է ունեցել երկու անգամ։

Նախագծերի մասով ևս Մարգարիտ Եսայանն առջևում է։ 5-րդ գումարման ԱԺ-ում նա համահեղինակել է օրենքի 7 նախագիծ, որոնցից 3-ն ընդունվել է։ 6-դ գումարման ԱԺ-ում պատգամավորը համահեղինակել է 2 նախագիծ, որոնցից 1-ն է ընդունվել։ Հիշեցնենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն գործել է մինչև 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները։

Իսկ Հակոբ Ասլանյայնն իր պատգամավորական գործունեության ողջ ընթացքում չի հեղինակել կամ համահեղինակել օրենքի ոչ մի նախագիծ։

Այպիսով, ՔՊ-ական պատգամավորը Մարգարիտ Եսայանին մեղադրում է պասիվության համար, մինչդեռ վերջինս իր պատգամավորական գործունեության ընթացքում ելույթների և նախագծերի մասով ավելի ակտիվ գործունեություն է ծավալել, քան Ասլանյանը։

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել