ԿԳՄՍՆ-ում պարգևատրել են Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին
13:46 - 23 օգոստոսի, 2022

ԿԳՄՍՆ-ում պարգևատրել են Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը օգոստոսի 22-ին պարգևատրել են մայիսին Երևանում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին:

Հանդիպման ընթացքում պարգևատրվել են տասնապետերը, որոնք ԵԱ-ի ժամանակ կատարել են ինչպես կամավորական աշխատանքներ, այնպես էլ ղեկավարել են կամավորների՝ 10 հոգուց բաղկացած խմբեր: Նրանք պարգևատրվել են հավաստագրերով և հուշանվերներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ առանց կամավորների աջակցության Եվրոպայի առաջնությունը կազմակերպչական առումով այդքան հաջող ընթացք չէր ունենա: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել կամավորներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար. «Իմացե՛ք՝ դուք շատ հանրօգուտ աշխատանք եք կատարել: Ամբողջ աշխարհում կամավորական շարժումը շատ է կարևորվում: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ, երբ ՄՕԿ-ի նախագահը սկսում է ողջույնի խոսքը, մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների շարքում անպայման նշում է կամավորներին, քանի որ առանց նրանց այդ խաղերն ուղղակի չեն կայանա: Առանց ձեր օգնության մեր առաջնությունը չէր լինի այդքան փայլուն և գեղեցիկ»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ևս շնորհակալություն է հայտնել կամավորներին՝ ընդգծելով, որ ԵԱ-ի հյուրերը բարձր են գնահատել նրանց աշխատանքը. «Որպես ֆեդերացիայի նախագահ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն տիտանական աշխատանքի համար, որ կատարեցիք այդ օրերին: Ձեր աշխատանքը բարձր են գնահատել նաև մեր հյուրերն ու միջազգային պատվիրակները»:

Համահայկական կամավորական միության հիմնադիր-նախագահ Սևակ Կարապետյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնության ժամանակ ավելի քան 180 կամավոր է աշխատել: Կարապետյանն ասում է՝ իրենք աշխատել են մեկ տան սկզբունքով. առաջնային նպատակը եղել է հյուրերին գեղեցիկ ընդունելն ու ճանապարհելը, իսկ մնացած խնդիրները թողել են տան ներսում. «Նախապես հայտարարություն էինք տարածել, որին շուրջ 700 կամավոր էր դիմել: Մեր սահմանած որոշակի պահանջները հաշվի առնելուց հետո մնացին 186-ը, իսկ վերջնական փուլում՝ 136-ը: Առաջնության ընթացքում միջազգային պատվիրակությունների բարձրացրած յուրաքանչյուր հարց ժամանակին ստացել է իր լուծումը՝ առաջին հերթին հենց կամավորների արդյունավետ աշխատանքի շնորհիվ»:

Սևակ Կարապետյանը նշում է՝ կամավորների աշխատանքը սկսվել է արդեն կազմակերպչական շրջանում՝ առաջնության մեկնարկից դեռ 10 օր առաջ. «Կամավորները մասնակցել են համալիրում տարվող աշխատանքներին, նվերների փաթեթավորմանը, տարածքի կահավորմանը: Առաջնության մեկնարկին ընդառաջ կամավորները 24/7 ռեժիմով գտնվում էին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ դիմավորում էին առաջնության միջազգային պատվիրակություններին: Մի խոսքով՝ ներգրավված են եղել կազմակերպչական բոլոր գործերում ու կատարել տարաբնույթ աշխատանքներ»:

Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել