ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին:
Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:
Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:
Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:
Լուսանկարը՝ civilnet-ի
comment.count (0)