Դատախազությունն ամփոփել է Արթուր Դավթյանի գործունեության վեց տարին  |tert.am|
13:59 - 12 սեպտեմբերի, 2022

Դատախազությունն ամփոփել է Արթուր Դավթյանի գործունեության վեց տարին |tert.am|

tert.am: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն ամփոփել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման վեց տարին։

Ներկայացնում ենք Դատախազության ամփոփ տեսանյութում ներառված տեղեկությունները և վիճակագրությունները։

Ներհամակարգային բարեփոխումներում նշվել է, որ դատախազության կառուցվածքն արդիականացնելու նպատալով Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ 2018–ին և 2019–ին Դատախազության կոլեիգիայի հետ քննարկման արդյունքում Գլխավոր դատախազության կառուցվածքը փոփոխվել է։ Մասնագիտական 9 վարչության փոխարեն ստեղծվել է 12-ը։

Քրեադատավարական բարեփոխումներում նշվում է, որ 2017 թվականից Դատախազության գործունեության հիմնական ուղղություններից է դարձել ՄԻԵԿ–ով սահմանված մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին համահունչ։

Ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2017–ին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները կազմել են 92,5 տոկոս, 2021–ին այն նվազել է՝ կազմելով՝ 77,0 տոկոս։

Նշվում է, որ բարելավվել է ՄԻԵԿ 6–րդ հոդվածով երաշխավորված հակընդդեմ հարցման իրավունքը․ դատախազներին տրվել է կոնկրետ հանձնարարական՝ ապահովել անձի հակընդդեմ հարցման իրավունքը։

Վիճակագրություն է ներկայացվել նաև նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների վերաբերյալ․ 2016–ին՝ 1945 ցուցում, 2021–ին՝ 5200 ցուցում, 2022–ի առաջին կիսամյակում՝ 3619 ցուցում։

Օպերատիվ հետախուզական մարմիններին դատախազների կողմից տրված հանձնարարականները գրեթե կրկնապատկվել են։

Պայքար կոռուպցիայի դեմ

2017–ին Արթուր Դավթյանի հրամանով՝ կոռուպցիային վերաբերելի միջազգային իրավական դրույթներին համապատասխան սահմանվել են քրեական օրենքով սահմանված արարաքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշները, և դրանց  հիման վրա առանձնացվել  կոռուպցիոն հանցագործությունների նոր ցանկը, որը հետագայում սահմանվել է ՀՀ քրեական օրենքգրքում։

Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2017–2021թթ․ հայտնաբերել է պետությանը պատճառված 137 մլրդ դրամի վնաս՝ 2009–2016 թթ 31.9 մլրդ դրամի համեմատ։ 2017–2021թթ ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 7 մլրդ դրամի վնաս՝  նախորդող տարիների համեմատ մոտ 4.3 անգամ ավելի։

Նշենք, որ սեպտեմբերի 15–ին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել