Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
11:11 - 13 սեպտեմբերի, 2022

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Իմ եղբայր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել եմ Հայաստանի սադրանքները Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին։ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները և կենտրոնանա խաղաղության բանակցությունների ու Ադրբեջանի հետ համագործակցության վրա»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել