ԱԺ-ում ներկայացվեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել
15:14 - 13 սեպտեմբերի, 2022

ԱԺ-ում ներկայացվեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել

Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին․

«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում։ Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին, անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ։ Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի։

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան՝ ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ, և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները։

ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում։

ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը։

Դիմում ենք ՌԴ-ին՝ շուտափույթ իրագործելու ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։

Արփինե Դավոյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, և ինչ ընթացք է տրվել դրանց։

Վլադիմիրի Վարդանյանն արձագանքեց․

«Առավոտյան՝ 09։40-ից սկսած, գրեթե անընդհատ մենք աշխատանք ենք տարել մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Բանակցություններում զրոյական արդյունքը ևս դիտարկվում է որպես զրոյական արդյունք։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին առանձին առաջարկների փաթեթներ։

«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած ագրեսիվ գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ։

«Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ։

Ընդ որում, ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասկանակություն՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների միջև։ Ցավոք, դա չհաջողվեց։

Պարոն Մամիջանյանի հետ երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել առաջարկների այնպիսի փաթեթ, որոնք կընդգրկեին նրանց կողմից ներկայացված առաջարկների մի մասը։ Մի մասը անընդունելի էր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել