«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը անկատար է, ամբողջական չէ։
«Դրանից ելնելով է, որ մենք առաջարկել ենք ոչ մեծ ծավալի, բայց 4 հիմնական կետեր՝ որպես կարևորագույն ուղերձ ոչ միայն միջազգային հանրությանը, այլև մեր քաղաքացիներին, մեզ բոլորիս։ Կարդամ այդ 4 առաջարկները, որոնք մերժվել են․
1) Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։
2) Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։
3) Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։
4) Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում»։
Մինասյանը նշեց, որ այս առաջարկների նպատակը նաև եղել է այն, որպեսզի հնարավոր լինի վերակառուցել վարվող քաղաքականությունը․ «Չէ՞ որ ՄԱԿ հիմնարար սկզբունքներից մեկը խաղաղությունն է, և այդ սկզբունքին հետամուտ լինելու համար չափազանց կարևոր է արձանագրել, որ խաղաղության քաղաքականությունը՝ ի դեմս Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի, ձախողվում է»։
comment.count (0)