armenpress.am: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահողը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ կոչ են անում թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի մամուլի հաղորդագրությունից։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական հարձակման առնչությամբ Իռլանդիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովենին և ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը մասնավորապես հայտարարել են, որ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է Եվրախորհրդի անդամ պետությունների միջև վեճերը լուծելու հարցում:
«Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ ներգրավվել խաղաղ բանակցություններում: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետություններին կատարել իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են անդամակցության ժամանակ, մասնավորապես՝ հակամարտությունը կարգավորելու խաղաղ ճանապարհով։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել նրանց այդ ջանքերում», - ասված է Քովենիի և Քոքսի համատեղ հայտարարության մեջ:
comment.count (0)