Ըստ վկայի՝ Վահանյանն ասել է, թե իրենց ապահով տեղ է տանում, բայց մի քանի ժամից հարձակման են ենթարկվել
23:30 - 13 սեպտեմբերի, 2022

Ըստ վկայի՝ Վահանյանն ասել է, թե իրենց ապահով տեղ է տանում, բայց մի քանի ժամից հարձակման են ենթարկվել

#Կարճասած

  • Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին պատերազմի օրերին 1-2 ամսվա ժամկետային զինծառայողներ Հարություն Ավագյանը, Արամայիս Սարիբեկյանը եւ Մարտուն Մելքումյանը։ Երեքի դատաքննական ցուցմունքներում էլ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հակասություններ տեսավ, ինչով պայմանավորված՝ միջնորդեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները։
  • Գեւորգ Ավետիսյանը նաեւ տեղեկացրեց, որ նախաքննության ժամանակ հնարավոր ամեն ինչ արվել է, բայց չի ստացվել ձեռք բերել բոլոր այն տուժողների տվյալները, որոնք կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ Խուռհատ սարից նահանջել են Հադրութի ուղղությամբ։ Ուստի հաշվի առնելով, որ լրատվության միջոցներով իր հորդորը կարող է հասանելի լինել այն անձանց, ովքեր տեղեկություն ունեն, որ իրենց երեխան զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել է Խուռհատ սարից դեպի Հադրութ նահանջելու ճանապարհին՝ նա խնդրեց դիմումների կամ անձնապես իր հետ կապի դուրս գալու միջոցով այդ տվյալները տրամադրել՝ հավելելով, որ պատրաստվում է դրանց հիման վրա ամբաստանյալի մեղադրանքի ծավալի փոփոխություն իրականացնելու միջնորդություն ներկայացնել։
  • Վկա Հարություն Ավագյանն էլ պատմեց, որ հոկտեմբերի 9-ի կամ 10-ի մոտակայքում 2 դասակ Իշխան Վահանյանի հրամանով գնացել է Հադրութի գերեզմանների հարակից հատված․ «Վահանյանը մեզ ասել է՝ տանում եմ ապահով տեղ՝ դիրքավորվելու, ասել է՝ ուղղակի պիտի դիրքավորվենք, որովհետեւ առաջին գծում լիքը մարդ կա մերոնցից, այսինքն՝ մենք ապահով ենք լինելու, հակառակորդից մարդ չենք տեսնելու, բայց մի քանի ժամ հետո՝ գիշերը, հարձակում եղավ»,– նշեց նա՝ հայտնելով, որ այդտեղ շատ վիրավորներ եւ զոհեր են ունեցել։

#Մանրամասն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը։ Վահանյանը, հիշեցնենք, կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նախորդ դատական նիստին ցուցմունք տալով՝ մայոր Հայկազ Գրիգորյանը հայտնել էր, որ նահանջի ժամանակ իրավիճակն այնպիսին է եղել, որ 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։ Տուժող կողմը դիրքորոշում էր հայտնել, որ այս հայտարարությունը հանցագործության տարրեր է պարունակում, ուստի դրա առթիվ պետք է առանձին քրեական վարույթ նախաձեռնվի, հակառակ դեպքում իրենք են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու։

Հիշեցնելով այս հանգամանքը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը դատարանից եւ հանրային մեղադրողից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանք որեւէ գործողություն իրականացրել են։ Ի պատասխան Գրիգորյանի հարցին՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն ասաց, որ հայտարարության պահին նիստերի դահլիճում է գտնվել հանրային մեղադրողը, որը նաեւ քրեական հետապնդման մարմին է, ուստի հանցագործության հատկանիշներ տեսնելու պարագայում պարտավոր է համապատասխան գործողություններ իրականացնել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ նշեց, որ հարկ չի համարել նման գործողություններ իրականացնել՝ ընդգծելով, որ թե այդ վկայի նախաքննական ցուցմունքը, թե գործի մնացած բոլոր նյութերը նախաքննության ավարտին տրամադրվել են կողմերին, եւ ներկայումս ինքը հակասություններ չի տեսել։ Արձագանքելով այս պատասխաններին՝ Գուրգեն Գրիգորյանը դժգոհություն հայտնեց՝ ասելով, որ իրենք գործի նյութերին ծանոթ են, բայց հանգամանքներ կան, որոնց վերաբերյալ քննություն առհասարակ չի իրականացվել․ պատճառը, ըստ նրա, այն է, որ այդ դեպքում մեղավորները ավելի բարձր պաշտոնյաներ են լինելու․ «Բերել եք մի դրվագ, ըստ որի՝ հրամանատարը թողեց, փախավ եւ վերջ, բայց թե ինչ է կատարվել դրանից առաջ, ոչ մեկին հետաքրքիր չէ»,– ասաց նա՝ պնդելով, որ տուժող կողմի նպատակն է ամբողջ իրողությունը բացահայտելը։

Հաջորդիվ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին պատերազմի օրերին 1-2 ամսվա ժամկետային զինծառայողներ Հարություն Ավագյանը, Արամայիս Սարիբեկյանը եւ Մարտուն Մելքումյանը, որոնց բազմաթիվ հարցեր հղեցին տուժող, մեղադրող կողմերը եւ դատարանը։ Պաշտպանական կողմը՝ ի դեմս ամբաստանյալ Իշխան Վահանյանի եւ հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանի, վկաներին հարցեր չուներ։

Վկա Հարություն Ավագյանի խոսքով՝ Իշխան Վահանյանն իրենց ասել է, որ ապահով տեղում են դիրքավորվելու, բայց մի քանի ժամից հարձակման են ենթարկվել

Վկա Հարություն Ավագյանը հայտնեց, որ մինչ հոկտեմբերի 5-ը եղել է Ջաբրայիլում, որտեղ Իշխան Վահանյանին չի տեսել։ Հոկտեմբերի 5-ին, երբ նահանջել են դիրքերից, գնացել են Հադրութ․ վաշտի մի կեսը՝ դեպի թաքստոց, մյուս կեսը՝ Արա լեռ։ Դրանից հետո տեղափոխվել են Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց, որտեղ մնացել են 2-3 օր։ Մինչ Խուռհատ սարի դեպքերը Վահանյանը վիրավորված եղել է թե ոչ՝ նա չգիտեր, համենայն դեպս, նշեց, որ դպրոցում, որքանով ինքն է տեսել, քայլում էր նորմալ, առանց կաղալու։ Հոկտեմբերի 9-ի-10-ի մոտակայքում վաշտի 2 դասակ Իշխան Վահանյանի հրամանով գնացել է գերեզմանների հարակից հատված․ «Վահանյանը մեզ ասել է՝ տանում եմ ապահով տեղ՝ դիրքավորվելու, որովհետեւ մենք այդ ամենը տեսնալուց հետո չէինք ուզում․․․ Ասել է՝ ուղղակի պիտի դիրքավորվենք․ առաջին գծում լիքը մարդ կա մերոնցից, այսինքն՝ մենք ապահով ենք լինելու, հակառակորդից մարդ չենք տեսնելու, բայց մի քանի ժամ հետո՝ գիշերը, հարձակում եղավ»,– նշեց վկան՝ հայտնելով, որ այդտեղ շատ վիրավորներ եւ զոհեր են ունեցել։

Խուռհատ սարում արդեն Հարություն Ավագյանը վկային միայն սկզբում է նկատել, բայց դժվարացավ ասել՝ արդյո՞ք նա է մարտի ղեկավարումն իրականացրել, որովհետեւ ըստ նրա՝ ամեն ինչ այդ ժամանակ շատ խառն է եղել, իսկ հարձակումից 10-15 րոպե անց, երբ արդեն նահանջելիս են եղել, Վահանյանը ներկա չի եղել։ Ավագյանը չգիտեր նաեւ, թե կոնկրետ ում հրամանով են նահանջել։

Լուսանկարում՝ վկա Հարություն Ավագյանը

Ի պատասխան մեղադրողի հարցին՝ նա նշեց, որ հակառակորդը հրաձգային զինատեսակներից էր կրակում, ականի պայթյուն այդ հատվածում ինքը չի տեսել։ Այս հանգամանքը էական է այն առումով, որ ըստ գործի նյութերի՝ Վահանյանը այդտեղ բեկորային վնասվածք է ստացել, այնինչ հրաձգային զինատեսակներից բեկորային վնասվածք ստանալ հնարավոր չէ․ «Հնարավոր կարող էր լինել նռնակից, բայց կոնկրետ արկ չի ընկել»,– ասաց նա։ Ինչ վերաբերում է իրենց զենքերին, վկան հայտնեց, որ իր մոտ ԱԿԱ տեսակի հրաձիգ է եղել, սակայն 2 ամիսը բավարար ժամանակ չէր զենքի հետ վարվելու կանոններին ամբողջությամբ տիրապետելու համար․ «Ամբողջ զորքը նահանջեց, եւ երբ իջանք ներքեւ, գումարտակը մի քանի մասի բաժանվեց․ Վազգեն Վարդանյանը, Հայկազ Գրիգորյանը եւ էլի հրամանատարներ ասացին, որ Ստեփանակերտ տանող սարի կողմ գնանք, անտառների միջով այդ կողմ գնացինք, այդտեղ էլ հարձակում եղավ, զոհեր ունեցանք, նահանջեցինք»։ Դրանից հետո, ըստ վկայի, զորքը ցրվել է, բայց իրենք՝ երեք զինծառայողներով, չեն կարողացել դուրս գալ այդտեղից, եւ սողալով հասել են մի տուն, գիշերել այնտեղ։ Մեղադրողի հարցին՝ դեպի Հադրութ գնացած խումբը տեղյա՞կ էր, որ հակառակորդը տեղակայված է այնտեղ, վկան դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այդ ժամանակ դեռ Հադրութը ռմբակոծվում էր։

Հաջորդ օրը դուրս գալով այդ տանից՝ մոտ 10 կմ քայլել են Ջաբրայիլի ուղղությամբ, եւ ճանապարհին Պաշտպանության նախարարության մեքենա նկատելով՝ մոտեցել են հատուկ ջոկատայիններին եւ նրանց միջոցով փրկվել։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հորդորով դիմեց հանրությանը

Հարություն Ավագյանի հարցաքննության ընթացքում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հորդորով դիմելով հանրությանը։

Նա հայտնեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը իրականացրել է քննչական մի շարք գործողություններ եւ հարցաքննությունների, ՕՀՄ–ների, ՊՆ–ին ուղղված գրությունների միջոցով փորձել է պարզել այն տուժողների անունները, որոնք 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարից նահանջել են դեպի Հադրութ, բայց ըստ էության, ամբողջական ցանկը հստակեցնել հնարավոր չի եղել․ «Խոսքն այն անձնակազմի մասին է, որը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի ուղեկցությամբ (նա հետագայում զոհվել է,–հեղ․) գնացել է Հադրութ քաղաք։ Այդ զինծառայողների տվյալները պարզելու համար փորձել են կատարել բոլոր գործողությունները, սակայն, ըստ էության, հնարավոր չի եղել ամբողջ ցանկը հստակեցնել, ուստի մեղադրանքի ծավալի մեջ ներառված են այն անձանց տվյալները, որոնք նախաքննության ավարտի պահին հստակ են եղել»։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

Ավետիսյանը հայտնեց, որ պատրաստվում է մեղադրանքի ծավալի փոփոխության միջնորդությամբ հանդես գալ, ուստի հաշվի առնելով, որ լրատվության միջոցներով իր հորդորը կարող է հասանելի լինել այն անձանց, ովքեր տեղեկություն ունեն, որ իրենց երեխան զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել է Խուռհատ սարից դեպի Հադրութ նահանջելու ճանապարհին՝ խնդրեց դիմումների կամ անձնապես իր հետ կապի դուրս գալու միջոցով այդ տվյալները տրամադրել․ «Վերջում արդեն ես հանդես կգամ մեղադրանքի ծավալում տվյալ անձանց անունները ներառելու եւ համապատասխանաբար նրանց հարազատներից որեւէ մեկին իրավահաջորդ ճանաչելու միջնորդությամբ»,– ասաց նա։ Հիշեցնենք՝ գործի քննության սկզբում էլ պարզ էր դարձել, որ նախաքննական մարմինը բոլոր տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին այդ կարգավիճակը չի տվել, ինչը մեղադրողը պայմանավորել էր նախաքննության ժամկետների սղությամբ։

Արձագանքելով մեղադրողի հորդորին՝ Հարություն Ավագյանը մի քանի զինծառայողների անուններ տվեց․ արտաշատցի Արթուր Անդրեասյան, արծվաբերդցի Արմեն Երիցյան, Արտակ Ավագյան։

Քիչ անց մեղադրողը միջնորդեց դատական նիստը շարունակել ԶԼՄ–ների բացակայության պայմաններում

Վկա Հարություն Ավագյանին հարցեր հղեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Այն պահին, երբ նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք վկայի զինգրքույկը պատերազմի ժամանակ իր մոտ է եղել, մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առարկեց հարցի դեմ․ «Երբ դատաքննության ընթացքում պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք է քննարկվում, իսկ իմ կարծիքով՝ մեր զորքի սպառազինության, զինգրքույկները հավաքելու, պահպանությունից պաշտպանության անցնելու տեղեկությունները կարող են հանդիսանալ այդպիսի գաղտնիք, միջնորդում եմ սահմանափակել լրատվության միջոցների աշխատանքը»,– ասաց նա։

Դահլիճում ներկա տուժողներն ընդվզեցին՝ ասելով, որ այն, ինչ տեղի ունենում դատարանի դահլիճում, պետք է հրապարակային լինի։ Գուրգեն Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ իր բարձրացրած հարցերը դասագրքային մակարդակով սովորեցվող նյութեր են եւ գաղտնիք չեն հանդիսանում։ 

Նշենք, որ զինգրքույկները հավաքելու վերաբերյալ հարցը փաստաբանը նախորդ նիստերին հարցաքննված վկաներին եւս հղել է, եւ մեղադրողը երբեւէ չի առարկել կամ ասել, թե այդ տեղեկությունը կարող է օրենքով պահպանվող գաղտնիք պարունակել։ Իսկ այդ հարցի կարեւորությունը պայմանավորված է նրանով, որ որոշ ծնողներ չեն կարողացել նույնականացնել իրենց երեխաների մարմինները նաեւ այն պատճառով, որ զինգրքույկները նրանց մոտ չեն եղել։ Ավելի վաղ հարցաքննված վկաներից Արգիշտի Աբրահամյանը, օրինակ, հայտնել է, որ դրանք հավաքվել էին պատերազմից 1-2 օր առաջ՝ կցվող զենքերի վերաբերյալ տեղեկությունները դրանցում ներառելու համար։

Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն ընդգծեց, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բախման մեջ են երկու կարեւոր արժեքներ․ մեկը օրենքով պահպանվող գաղտնիքն է, մյուսը՝ հանրային հետաքրքրությունը՝ պայմանավորված գործի մեծ հնչեղությամբ․ «Ես կարծում եմ, որ նպատակահարմար է պահել ԶԼՄ–ներին, քանի որ գործը մեծ հնչեղություն ունի, բայց միեւնույն ժամանակ չեմ կարող թույլ տալ, որ ցանկացած հարց այստեղ քննարկվի, ուստի առաջարկում եմ չուղղել հարցեր, որոնց պատասխանները օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում»,– ասաց նա՝ հավելելով, որ երբ կհարցաքննվեն բարձր ղեկավարության անդամները, այդ մասով նրանց հարցաքննությունը կարող են դռնփակ անել։ Արձագանքելով դատավորի այս խոսքին՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանն ասաց․ «Սովորական զինվորն ավելի լավ կպատասխանի այդ հարցին, քան հրամանատարը, որովհետեւ ինքն է անցել այդ թոհուբոհի միջով»։

Ի  վերջո, դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։ Վկան հայտնեց, որ իր զինգրքույկը եւս հավաքված է եղել, Խուռհատ սարում իր մոտ չի եղել։

Դատավորի հարցին, թե իրենց օպերացիան ինչու ձախողվեց, վկան պատասխանեց․ «Չգիտեմ, հարձակում եղավ, նորմալ դիրքավորում, հրաման չկար, բոլորը խուճապահար եղան»։ Մյուս հարցին՝ նահանջի մեկ միասնական որոշում եղե՞լ է, թե՞ ամեն մեկն իր գլխի տերն է եղել, Ավագյանը պատասխանեց․ «Ես չեմ լսել նման բան, իջնելիս տեսել եմ՝ ով է ինձ մոտիկ, նրա հետ թեքվել, անտառն եմ մտել»։

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը

Լսելով վկա Հարություն Ավագյանի պատասխանները՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հայտնեց, որ դատարանում եւ նախաքննության փուլում նրա հայտնած տեղեկություններում էական հակասություններ կան, ուստի անհրաժեշտ է հրապարակել նախաքննական ցուցմունքը։

Ընթերցելով դրանից որոշ հատվածներ՝ մեղադրողն ասաց․ «Դատաքննության ընթացքում ցուցմունք տվեցինք այն մասին, որ երբ իջել եք դիրքերից, չեք հանդիպել Վահանյանին, չեք հետաքրքրվել, թե ուր է նա, բայց նախաքննության ընթացքում երկու անգամ նշել եք, որ երբ Խուռհատ սարից իջաք, ընդհանուր խոսակցություններից իմացաք, որ Վահանյանը իբր վիրավորվել է ու նստելով մեքենա՝ հեռացել»։ Վկան արձագանքեց՝ ասելով, որ խոսակցություն եղել է, ինքը լսել է, բայց քանի որ անձամբ չի տեսել, չի կարող ասել՝ իրոք վիրավորվել է թե ոչ։

Մեղադրողը հայտնեց նաեւ, որ քննիչի մոտ վկան ասել է, որ Վահանյանի փախուստը նպաստեց իրենց մոտ տագնապի եւ խուճապի առաջացմանը, քանի որ իրենք չէին հասկանում՝ ինչ անել․ զորքը անտեր վիճակում էր, երբ նա թողեց եւ հեռացավ։ Լսելով սա՝ վկան վերահաստատեց, որ ամբաստանյալի գնալուց հետո գլխավոր հրամանատար չեն ունեցել, եւ իջնելիս խառնաշփոթ վիճակ է եղել։ 

Վկա Արամայիս Սարիբեկյանը չէր հիշում, որ Խուռհատ սարում իրենց մարտական կոնկրետ առաջադրանք տրված լինի

Արամայիս Սարիբեկյանը պատմեց, որ սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի իրենց զորամասում տագնապ է եղել, սակայն կարճ ժամանակ անց ասել են, թե տագնապը կեղծ էր։ Հոկտեմբերի 27-ին արդեն իրենց զենք–զինամթերքի պահեստի վրա ԱԹՍ է ընկել, եւ տագնապ ստանալով՝ բարձրացել են դիրքեր։ «Չռիկներ» կոչվող հատվածում մնացել են 7-8 օր, որից հետո ընկել են շրջափակման մեջ եւ նահանջել դեպի Հադրութ։ «9 կմ» կոչվող տարածքում նրանց է մոտեցել իրենց զորամասի բարոյահոգեբանական գծով տեղակալը եւ անձամբ Հայկազ Գրիգորյանին ասել, որ հայկական կողմը օդանավակայան է պայթեցրել, նոր զորք է գալու, կարող են վերադառնալ իրենց դիքերը, սակայն իրենք հրաժարվել են դա անել, որովհետեւ գիտեին՝ այնտեղ ինչ էր կատարվում։ Ըստ վկայի՝ իրենց դուրս գալուց մեկ օր հետո հակառակորդն ամբողջությամբ վերցրել է Ջաբրայիլը։

Մի քանի օր անց Սարիբեկյանը առաջին վաշտի հետ հասել է Հադրութի դպրոց, հաջորդ առավոտ՝ բարձրացել Խուռհատ սար․ ըստ նրա՝ Վահանյանի հրամանով, բայց չէր հիշում, որ նա մարտական կոնկրետ առաջադրանք տված լինի։ Սարիբեկյանի կարծիքով՝ այդտեղ գտնվելը անիմաստ էր, որովհետեւ կոնկրետ խնդիր չունեին․ «Կեսօրի մոտակայքում կռիվը սկսվեց, ասացին՝ կրակեք ներքեւ, բայց չենք տեսել՝ ով կա, կրակում էինք ու պատասխան ստանում, իսկ հետո, երբ սկսեցին աջ կողմից էլ մեզ ճնշել, սարից սկսեցինք իջնել, վիրավորներին իջեցնել, մի պահ լիքը վիրավոր իջեցրեցինք, կամազը դրեցինք, բայց հետո լսել եմ, որ այդ կամազը, ճանապարհին շուռ գալով, տեղ չի հասել»,– ասաց վկան՝ հավելելով, որ դրանից հետո խուճապ է սկսվել, զորքը սկսել է խառը փախչել, քանի որ ոչ հրամանատար կար, ոչ կապի միջոց։ Մեղադրողի հարցին՝ արդյո՞ք իրենք չեն հետաքրքրվել, թե Վահանյանն ուր է այդ պահին, վկան պատասխանեց․ «Խուճապ սկսվեց, բոլորը վազում էին, այդ ժամանակ ավելի շատ մտածում ես՝ ոնց անես, որ գերի չընկնես, քան հետաքրքրվես, թե ուր է գումարտակիդ հրամանատարը»։ Ըստ վկայի՝ Հայկազ Գրիգորյանը ում կարողացել, իրար գլխի է հավաքել, բայց բոլորին չի կարողացել, քանի որ շատ խառը իրավիճակ էր, մեկը մյուսին չէր լսում։

Լուսանկարում՝ վկա Արամայիս Սարիբեկյանը

Ի վերջո, իրենց խմբին ստացվել է սարից իջնել ու փրկվել․ «Իջնում ենք ներքեւ, ՊՆ համարներով մի ՈՒՐԱԼ է լինում, 6 հոգով նստում ենք, մի կմ կամ ավելի քիչ գնում ենք դրանով, կանգնում են, ասում են՝ սրանք են ձեր մեքենաները, ԼՂ–ի ՊԲ համարներով մեքենաներ էին, իջնում ենք ՈՒՐԱԼ–ից, որ նստենք, բայց դրանք շարժվում են, եւ 6 հոգով մնում ենք ճանապարհի վրա՝ չիմանալով՝ ուր գնալ, ինչ անել, սկսում ենք քայլել, ճանապարհին բջջային հեռախոսով զանգում եմ մեր վաշտի հրամանատարին, ուղղություն հարցնում»,– պատմեց վկան՝ հավելելով, որ այդպես գյուղերով–անտառներով քայլելով՝ դուրս են եկել Հադրութ քաղաք, հանդիպել Բալահովիտի զորամասի խաղաղապահ գումարտակին եւ միացել նրանց։

Սարիբեկյանը եւս նշեց, որ սարում հակառակորդը հիմնականում հրաձգային զինատեսակներից էր կրակում, դրանից բացի մեկ էլ նռնակներ է կիրառել։ Իսկ մինչեւ Հադրութ հասնելը վկան Վահանյանին չի տեսել, Հադրութում էլ նրա վիրավորվելու, մեքենան նստելու եւ հեռանալու մասին տեղեկություններ չուներ։

Հանրային մեղադրողը դարձյալ հրապարակեց նախաքննական ցուցմունքից մի հատված՝ նշելով, որ քննիչի մոտ վկան ասել է, որ սարից իջնելով՝ զորքի խոսակցություններից իմացել է, որ Վահանյանը իբր վիրավորվել է հետնամասից, մեքենա նստել ու հեռացել՝ զորքին թողնելով անտեր վիճակում։ Արձագանքելով դատախազի դիտարկմանը, թե դատարանում ինքն ասաց, որ չի հետաքրքրվել Վահանյանի բացակայությամբ՝ վկան ասաց․ «Հիմա էլ եմ ասում՝ իբր վիրավորվել է, բայց ես չեմ տեսել, հստակ չգիտեմ՝ վիրավորվել է թե չէ»։ 

Վկա Մարտուն Մելքումյանը հարցերի մեծ մասի պատասխանները չեն մտաբերում

Հարցաքննված երրորդ վկան Մարտուն Մելքումյանն էր, որը նշեց, որ անձամբ ոչինչ չի նկատել, միայն լսել է, որ Վահանյանը զորքին թողել ու գնացել է։ 

Փորձելով մտաբերել Խուռհատ սարում տեղի ունեցածը՝ նա պատմեց, որ սարում հարձակման ժամանակ իրեն անծանոթ մեկից է լսել, որ պետք է նահանջեն․ «Այդ ժամանակ ոմանք գնում են աջ, ոմանք՝ ձախ, ես շարունակում եմ իմ ճանապարհը, հայտնվում Հայկազենց մոտ (նկատի ունի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին,–հեղ․), Հադրութից միասին դուրս ենք գալիս, ընթացքում մեր վրա էլի հարձակվում են, մերոնք էլ են մեր վրա կրակում, զոհեր ենք ունենում, բայց մի ձեւ դուրս ենք գալիս»,– ասաց նա։

Դատավարության մասնակիցները բազմաթիվ հարցեր հղեցին վկային, որը, սակայն, նշեց, որ չի կարող պատասխանել դրանց, քանի որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի, չի հիշում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչը դատարանը բավարարեց։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ նախաքննության փուլում վկան հարցաքննվել է այս տարի՝ 2022 թ․ հունվարի 24-ին։

Լուսանկարում՝ վկա Մարտուն Մելքումյանը

Ըստ այդ ցուցմունքի՝ վկան ասել է, որ Հադրութի դպրոցում տեսել է Վահանյանին եւ հոկտեմբերի 9-ին նրա հրամանով բարձրացել է Խուռհատ սար․ «Սարի վրա, որպես այդպիսին, խրամատներ չեն եղել, դիրքավորվել ենք ժայռերի հետեւում․ մենք գտնվել ենք սարի բարձունքում, Հայկազ Գրիգորյանը՝ «վիշկա»–յի մոտ, իսկ Վահանյանը՝ սարի ներքեում։ Գիշերը մնացել ենք սարի վրա, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10–ին, հակառակորդը հարձակում է գործել, կրակել՝ հրաձգային զենքերից, ունեցել ենք վիրավորներ եւ զոհեր, բայց թե ովքեր էին նրանք, չեմ կարող ասել, գրեթե իրար չէինք ճանաչում»,– ընթերցեց դատավորը։

Նրա խոսքով՝ վկան հայտնել է նաեւ, որ այդ ընթացքում հակառակորդի թիվը մեծ էր, եւ քանի որ իրենք ունեին վիրավորներ եւ զոհեր, սկսեցին իջնել՝ իրենց հետ իջեցնելով վիրավորներին․ «Երբ իջա սարից, մեքենաները արդեն չկային, որքան հասկացա, վիրավորներին տեղափոխել էին, եւ միայն ընդհանուր խոսակցությունից իմացա, որ Վահանյանը նստել է մեքենաներից մեկն ու հեռացել, ինչը զորքի մոտ խուճապ է առաջացրել, քանի որ զինվորները խոսում էին, որ նա թողել, փախել է»։ Քննիչի հարցին՝ իջնելիս Վահանյանը Հայկազ Գրիգորյանին կամ այլ մեկին որեւէ հրաման տվե՞լ է, վկան պատասխանել է, որ չգիտի․ «Բայց ես Հայկազի հետ եմ եղել եւ հիշում եմ, որ նա էլ չգիտեր՝ ինչ է կատարվում»։

Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ պնդում է այն եւ ավելացնելու ոչինչ չունի։ Ի պատասխան դատավարության մասնակիցների հարցերին՝ նա դարձյալ չկարողացավ հիշել՝ սարում եւ հաջորդող օրերին Վահանյանին հանդիպել է թե չէ կամ արդյոք նա էր սարի վրա ղեկավարում մարտը։ Այս հանգամանքը վրդովեցրեց տուժող կողմին, ինչին արձագանքելով՝ վկան ասաց, որ հարցաքննությունից երկար ժամանակ է անցել, իսկ ինքը օրեցօր ուզում է մոռանալ այդ դեպքերը։ Դատավորի հարցին՝ իրեն որեւէ մեկը ճնշել կամ սպառնացե՞լ է, վկան բացասական պատասխան տվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 11-ին։

 

Միլենա Խաչիկյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել