ՀՀ գերատեսչությունները հորդորում են զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ չհավաքագրել
14:36 - 14 սեպտեմբերի, 2022

ՀՀ գերատեսչությունները հորդորում են զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ չհավաքագրել

Հայաստանի Հանրապետության մի շարք գերատեսչություններ հայտարարություն են տարածել՝ հանրությանը հորդորելով մասնավոր նախաձեռնություն չցուցաբերել զինվորների և սահմանամերձ մարզերի բնակիչների համար առաջնային անհրաժեշտության պարագաներ հավաքագրելու առնչությամբ:

«Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս հորդորում է դադարեցնել զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթացը:

«Պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։

Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- մասնավորապես ասված է ԱՍՀ նախարարության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել