Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին բավարար ռազմական օգնություն կտրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից․ Գրիգորյան
20:29 - 14 սեպտեմբերի, 2022

Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին բավարար ռազմական օգնություն կտրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից․ Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նշել է, որ  Ադրբեջանը որևէ ձև տրամադրված չէ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացով։

 «Մեր միջազգային բոլոր գործընկերները ներգրավված են, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Գիտեք, որ ԱՄՆ և  ՌԴ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին Հայաստանում և Բաքվում։ Միջազգային ներգրավվածություն կա  Բրուսելում։ Կան  նաև պայմանավորվածություններ, որպեսզի  խաղաղության բանակցություններ սկսենք արտգործնախարարների  մակարդակով և մեր ԱԳՆ-ն դրան էր պատրաստվում։ Հայաստանը պատրաստվում էր մեկ ամսվա ընթացքում կազմակերպել այդ հանդիպումը և մեր բոլոր գործընկերների հետ հենց դա էինք քննարկում։ Այդ հանդիպումը կազմակերպելու փոխարեն Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է կազմակերպում ՀՀ նկատմամբ»։

Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։

Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը ուզում է տորպեդահարել խաղաղության գործընթացը, դուրս գալ բոլոր պայմանավորվածություններից, որոնք գոյություն են ունեցել, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում եղել են պայմանավորվածություններ, որոնք հրապարակային են եղել, օրինակ՝ տարածաշրջանի ապաշրջափակումը, դելիմիտացիա- դեմարկացիա․ «Այդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն Ադրբեջանը ագրեսիա է սկսում և ամբողջովին տորպեդահարում գոյություն ունեցող բոլոր գործընթացները։  Ռազմի դաշտում նա ուզում է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք և գրավել ՀՀ տարածքը։ Ռազմական առումով, կարծում եմ, ՊՆ-ն կարող է հստակ ասել, թե որն է Ադրբեջանի նպատակը։ Բայց այս պահին էլ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ  Ադրբեջանը չի թաքցնում իր նկրտումները»։

Գրիգորյանը ասաց, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից այն է, որ այդ կառույցը Հայաստանին բավարար ռազմական օգնություն տրամադրի, որպեսզի Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից․ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի միջև սահման կա, թե ոչ՝ բնականաբար կա սահման և դա հստակ է։ Կարծում եմ, որ մեր գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ իրենց երկրի մայրաքաղաք Ալմաթայում կնքված պայմանագրով Խորհրդային Միության երկրները ճանաչել են իրենց երկրների սահմանները։ Ադրբեջանը ռմբակոծում է նաև համայնքները և դա չտեսնելը նշանակում է ունենալ տեսողության խնդիրներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել