ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ


 |armenpress.am|
09:56 - 15 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգիչ համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների առնչությամբ։ Մենք այս շարունակական հարձակումներին ականատես ենք լինում երկրորդ օրը շարունակ։ Մենք մասնավորապես խիստ մտահոգված ենք Հայաստանի ներսում քաղաքացիական անձանց վիրավորումների մասին տեղեկությունների առնչությամբ»,- նշել է Փրայսը։

Նա հիշեցրել է, որ ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Նա մեր խորը մտահոգությունն է հայտնել սահմանին իրականացվող ռազմական գործողությունների՝ այդ թվում և Հայաստանի ներսում հրետակոծությունների մասին տեղեկությունների առնչությամբ։ Նա կոչ է արել նախագահ Ալիևին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, կանգնեցնել զինված ուժերի գործողությունները և հետ քաշել ուժերը սահմանից, ինչպես նաև դադարեցնել որևէ տեսակի ռազմական գործողություն, որը կարող է վտանգել քաղաքացիական անձանց կյանքը, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր կարևոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ։

Մենք թե՛ այս համատեքստում, թե՛ դրանից առաջ, երկու առաջնորդներին բոլոր մակարդակներում հստակ ասել ենք, որ այս խնդիրը չի կարող ռազմական կարգավորում ունենալ։ Եվ մենք կոչ ենք արել երկու կողմերին զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից ու ներգրավվել երկխոսության ու դիվանագիտության մեջ»,- հայտարարել է Փրայսը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը շարունակում է լինել Բաքվում, որտեղ նախօրեին հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ անելու հնարավոր ամեն բան՝ առաջ մղելու Հարավային Կովկասի խաղաղ և բարեկեցիկ ապագան»,- հայտարարել է պետդեպի խոսնակը։

Հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը բանակցություններ ունեցե՞լ է թուրք գործընկերների հետ՝ հաշվի առնելով Թուրքիայի դերն ու աջակցությունը Ադրբեջանին, Փրայսն ասել է․ Պետքարտուղար Բլինքենը, դեսպան Ռիքերը, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը և նրա բյուրոյի անդամները մի շարք զրույցներ են ունեցել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև շահագրգիռ այլ կողմերի ու գործընկերների հետ։ Չունեմ հավելյալ տեղեկություն մանրամասնելու այդ բոլոր ներգրավվածությունները, բայց ինչպես ես երեկ ասացի, մենք պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ։ Մենք պատրաստ ենք անել հնարավորը երկկողմ, բազմակողմ հիմքերի վրա, որպեսզի այդ ռազմական գործողությունները ավարտվեն, և լարվածությունը թուլանա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել